Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը թեեւ դեռ չի սկսվել պաշտոնապես, սակայն կիսանախընտրական հանդիպումները, որոնք իրականացնում են քաղաքական ուժերը, ներառյալ՝ գործող իշխանությունը, հասարակության տարբեր խավերի, սեփական կողմնակիցների եւ պարզապես քաղաքացիների հետ, բավականին հետաքրքիր է։ Դատելով մամուլի հրապարակումներից, կարելի է ասել, որ ընտրություններում երեք հիմնական ֆավորիտ ուժ է լինելու, այսինքն՝ հիմնական պայքարը գնալու է երեք կամ 4 ուժի միջեւ։
Դրանք են՝
• Նիկոլ Փաշինյանն իր ՔՊ-ով
• Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքով
• Սարգսյան-Վանեցյան տանդեմը «Պատիվ ունեմ» դաշինքով
• Գագիկ Ծառուկյանն իր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությամբ
Մնացած կուսակցություններն ու դաշինքները, ընդ որում ոչ բոլորը, ունեն 5 տոկոսանոց շեմը հաղթահարելու հնարավորություն, ինչպես օրինակ ՀԱԿ-ը։ Այս ընդհանուր պատկերը նկատի ունենալով ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ հիմա իր կիսանախընտրական հանդիպումներում որեւէ նոր կամ լուրջ միտք չի ասել, որը կարելի կլինի որպես քաղաքական բովանդակություն ունեցող թեզիս համարել։ Ավելին, կա տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը գիտի յոթ երգ, յոթն էլ ընդդեմ, Ռոբերտ Քոչարյանի։
Այստեղ հասկանալի է, բոլորը ապավինած են Փաշինյանի ինտելեկտին։ Թիմը բավական թույլ է եւ հեղհեղուկ, առավել տրամադրված հնարավոր զարգացման ցանկացած սցենարի դեպքում տեղն արեւի տակ ապահովելու համար ջանքեր գործադրելու, քան հաղթանակ ապահովելու, ինչը որպես պատերազմում պարտության միակ պատասխանատու ուժի եւ թիմի առումով բավականին օրինաչափ է։ Փաշինյանն այս ամենն ինքն էլ է գիտակցում եւ դրանով է նաեւ պայմանավորված այն, որ թիմի ներսում նա քիչ մարդկանց կամ հատուկենտ մարդկանց է վստահում։ Ավելին, ըստ էության նա միայն ունի իր քաղաքական ապագայի, այսինքն՝ իր տեղը ապագայի Հայաստանի քաղաքական դաշտում ունենալու երաշխիք թեկուզ ընդդիմադիր պատգամավորի տեսքով ու իրեն քիչ է հետաքրքրում մնացածի ճակատագիրը։
Սարգսյան-Վանեցյան տանդեմի «Պատիվ ունեմ» դաշինքում թեեւ առկա է բավական գրագետ թիմ եւ Սերժ Սարգսյանի փորձառությունն ու ինտելեկտն էլ քիչ բոնուսներ չի ապահովում, սակայն կա մի լուրջ թերություն․ հայրենասիրական ապրումների վրա շեշտադրումը երբեմն երբեմն խանգարում է նրանց ավելի պրագմատիկ եւ իրատես լինել։
Գագիկ Ծառուկյանն իր «ԲՀԿ»-ով իր ավանդական գծի մեջ է եւ ամենայն հավանականությամբ այդպես էլ կշարունակի։
Բավական հետաքրքիր է իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքում։ Այստեղ հասկանալի է, որ «առաջին ջութակը» նախագահ Քոչարյանն է։ Քոչարյանի թիմը չափազանց գրագետ ու պրատգմատիկ է աշխատում։ Այստեղ որսացել են բոլոր նյուանսները եւ ըստ այդմ ուղարկում են ազդակները, ինչպես ներսի լսարանին, այնպես էլ արտաքին աշխարհին, հատկապես՝ ռեգիոնալ եւ մեծ քաղաքականության հիմնական խաղացողներին, ովքեր այս կամ այն կերպ ներկայացված են Հարավային Կովկասում։



