Փաշինյանի թիմի հերթական «պերֆորմանսը»․ «ՕՌՍԻՍ...

Ամիսներ առաջ ռուսական «ՕՌՍԻՍ» ռազմաարդյունաբերական ընկերության եւ Հայաստանի ՊՆ-ի միջեւ սկանդալ պայթեց։ Պարզվեց, որ ռուսական ընկերությունը ցանկացել է մասնակցել Հայաստանի ՊՆ կողմից հայտարարված ռազմական մատակարարումների տենդերին, սակայն անհասկանալի կերպով ընկերության առջեւ խոչընդոտներ են հարուցվել եւ տենդերի մասնակցությունը խափանվել է։

Ռուսական ընկերությունը բողոքել է եւ հարուցվել էր քրեական գործ՝ ծառայողական անփութության եւ այլնի հետ կապված։

Հայաստանի Ֆինանսների նախարարությունն էլ «ՕՌՍԻՍ»-ին ներառել էր «սեւ ցուցակում»։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը ամիսներ շարունակ, թեման արծարծելու դեպքում փորձում էր ամեն կերպ արդարացնել իր գործողությունները՝ մեղավորությունը տեսնելով հակառակ կողմի մոտ։ Ռուսները բավական ուղիղ էին իրենց հայտարարություններում եւ նշում էին, որ սա անդրադառնալու է երկկողմ հարաբերությունների, հայ-ռուսական ռազմական համագործակցության վրա առհասարակ։ Եվ ահա, այսօր հայտնի դարձավ, որ Երեւանի առաջին ատյանի դատարանը հանել է «ՕՌՍԻՍ»-ին սպառազինություններ մատակարարող ընկերությունների «սեւ ցուցակից»։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը փոխանցել է ընկերության՝ Հայաստանում շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

Ուշագրավն այն է, որ հարցի առնչությամբ Ռուսաստանի Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը նամակով դիմել էր ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանին միջադեպը գնահատելով որպես «չմոտիվացված», իսկ հիմա, երբ արդեն ընկերությունը հանված է «սեւ ցուցակից» ՀՀ ՊՆ գործողությունները ամենայն հավանականությամբ կրկին կդառնան մոտիվացված կամ գուցե՝ խիստ մոտիվացված։ Հասկանալի է, չէ, որ նման որոշումները, անկախ ծխածածկութային դեմագոգիկ հայտարարություններից, քաղաքական որոշման արդյունք են ու կայացվում են մեկ մարդու՝ Հայաստանի վարչապետի կողմից եւ հետեւաբար կարելի է պատկերացնել, թե շաբաթներ առաջ հեռուստատեսությամբ «ՕՌՍԻՍ»-ին բոլոր հանցանքների մեջ մեղադրելուց հետո, ինչպիսի «պերֆորմանսներ» են տեղի ունեցել, որ «քըխ եւ փիս» ընկերությունը կրկին կարող է մասնակցել տենդերների։