Փաշինյանի միակ հույսը քաղաքացիների պասիվությո...

 Նախորդ բոլոր ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը համապետական և տեղական մակարդակներում վերարտադրվելու հնարավորություն է տվել քաղաքացիների պասիվ մասնակցությունը։ Որքան քիչ ընտրող գնա տեղամաս, այնքան լավ Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության համար։

Այս վերլուծությունները եկավ փաստելու Գյումրու ընտրություններում ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը։ Նա երեկ հայտարարել է․ «Ես վստահ եմ եղել, ժողովրդի վերաբերմունքից, և իմ կանխատեսումները նույնիսկ կատարվել են, ուղղակի մասնակցությունն է բարձր եղել։ Եթե մասնակցային իմ մտածած թիվը լիներ, ապա կլիներ 50+»։

Այսինքն՝ իշխանությունները հաշվել են, որ վարչական ռեսուրսի կիրառումը իրենց հնարավորություն կտա հաղթելու, եթե 30-32 հազար ընտրող մասնակցի ընտրություններին։ Նախորդ անգամ Գյումրու ընտրություններին մասնակցել էր 26 հազար ընտրող։ Իշխանությունները այս անգամ ենթադրել են, որ 6-7 հազար մարդ ավել կմասնակցի, քանի որ քաղաքական ակտիվություն կա, բայց «անխիղճ» գյումրեցիները թասիբի են ընկել ու քաշել են իշխանություններին։ Այս անգամ ընտրություններին մասնակցեց ավելի քան 47 հազար գյումրեցի։

Ի դեպ, նկատենք, որ Մայր Հայաստան դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի ինքնախոստովանությունից ժամեր առաջ հայտարարել էր, որ իշխանությունների ամբողջ հաշվարկը եղել է ընտրողների պասիվ մասնակցությունը․ «ՔՊ-ի հաշվարկը, վստահ եմ, եղել է այն, որ 30-35 հազար մարդ է մասնակցելու, և իրենց 17 հազար ձայնը կապահովի 50+ տոկոս»,— politik.am-ի տաղավարում հայտարարել էր Մալխասյանը։

Այս ամենից մի բան կարելի է եզրակացնել՝ Նիկոլ Փաշինյանի միակ շանսն այն է, որ համապետական ընտրություններին մարդիկ չգնան տեղամասեր։ Քաղաքացիների գերակտիվությունը երաշխավորելու է Փաշինյանի պարտությունը։