Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ունեցած ելույթի տարբեր դրվագներ քննարկվեցին Հայաստանում, սակայն կար մի դրվագ, որը կարծես շատերի ուշադրությունից դուրս մնաց։ Խոսքը Փաշինյանի՝ Հայաստանի սուվերեն տարածքից զոհված հայ զինծառայողների մարմինները հանելու Հայաստանի բանակի անկարողության մասին բարձրաձայնելն էր: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը, իսկ մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։
Պայմանավորվածություն կա մոտ օրերս կազմակերպել դիերի դուրսբերումը։ «Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի»,-խեղճացած ձայնով հայտարարեց Փաշինյանը։ Հենց այս դրվագը և տարիներ առաջ տեղի ունեցած մի միջադեպ հստակ ցույց են տալիս, թե որքան է թուլացել Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ջանքերի արդյունքում։
2014 թվականին Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի սահմանին խոցել էր հայկական ուղղաթիռ։ Ուղղաթիռն ընկել էր չեզոք գոտում, և Հայաստանի ու Արցախի այն ժամանակվա իշխանություններն ունեցան այնքան կամք և կարողություն, որ մի քանի օր անց, ի հեճուկս ադրբեջանական կողմի սադրանքների, հատուկ գործողությամբ դուրս հանեցին հայ զինծառայողների մարմինները։ Հայկական կողմն այնքան վճռական ու գրագետ էր գործել, որ շատերը զարմացած էին։ Ավելին՝ Սերժ Սարգսյանի ենթակայության ներքո գործող դիվանագիտական կորպուսն այնքան լավ էր աշխատել, որ Ադրբեջանին դատապարտում էին հակահումանիտար վարքագծի համար, իսկ այդ օրերի մամուլը գրում էր, որ ԱՄՆ-ն աջակցել է Հայաստանին հետախուզական տվյալներով։
Սերժ Սարգսյանի իշխանությունն այդ օրերին ոչ միայն Հայաստանի հանրությանը, այլև դրսի խաղացողներին ցույց տվեց, որ իրենց համար հայ զինվորն արժեք է, ու զոհված տղաների մարմինները քրիստոնեաբար հողին հանձնելու համար պետությունը պատրաստ է ու կարող է գնալ անսովոր և կտրուկ քայլերի։ Ու երբ 2016-ին նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ իր համար զինվորի կյանքը թանկ է, ու դրա համար չի գնացել մի քանի հայուր զոհերի գնով մեկ դիրք հետ վերցնելուն, մարդիկ հավատացին դրան։
Փաշինյանն էլ իր մարդկային որակին համապատասխան վարքագիծ դրսևորեց՝ նա իր հանրությանն ու միջազգային խաղացողներին ցույց տվեց, որ ոչինչ անելու կամք չունի, որպեսզի հայրենիքի համար զոհված տղաների մարմինները չանարգվեն։ Փաշինյանն այդ կամքը նույնիսկ իր իսկ կողմից մատնանշված Հայաստանի սուվերեն տարածքում չունի։ Այս ելույթից հետո իրենց որդիներին Փաշինյանի կառավարությանը վստահած ծնողները միայն կարող են հույս ունենալ, որ նա էլ իրենց դարդը երկրի ղեկավարի դիրքերից կարող է լացել, այն էլ միջազգային ամբիոններից, այլ բանի այս մարդն ունակ չէ։