Որքան մոտենում է ընտրության օրը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մոտ նյարդային «ծիկերը» սրվում են։ Մարդը հաճախ է հայտնվում անհավասարակշիռ վիճակում և ցույց տալիս իրական դեմքը։
Երեկ Փաշինյանը որոշել էր Երևանում քարոզարշավ իրականացնել։ Նախաձեռնությունը հենց սկզբից տապալվեց։ Երևանի տարբեր հատվածներում Փաշինյանին և ՔՊ-ականներին դուրս էին վռնդում իրենց բակերից։ Մետրոյի գնացքում մի սարսափելի միջադեպ արձանագրվեց։ Փաշինյանը, բղավոցներով և մատ թափ տալով, հարձակվել էր Արցախից տեղահանված մի երիտասարդ կնոջ վրա, ով մանկահասակ երեխայի հետ էր։
Որպեսզի Փաշինյանի վարքագծին մենք գնահատական չտանք, դիմեցինք իրենց սիրած արհեստական բանականությանը։ Վերջերս իրենք շատ են արհեստական բանականության այս կամ այն հարցի վերաբերյալ պատասխանները ներկայացնում որպես բացարձակ ճշմարտություն։
ChatGPT-ին գրեցինք․ «քաղաքական գործիչը, իր թիկնապահների ուղեկցությամբ, մտնում է մետրո և սկսում քարոզարշավ իրականացնել։ Նա մոտենում է մի կնոջ, որը հենց այդ գործչի վարած քաղաքականության հետևանքով բռնկված պատերազմի պատճառով կորցրել է իր տունն ու հայրենիքը։ Փորձում է կնոջը ներգրավել իր քարոզչական գործընթացում, սակայն կինը, չափազանց բարեկիրթ և զուսպ կերպով, հրաժարվում է՝ հստակ նշելով, որ չի ընդունում այդ քաղաքականությունը։ Ընդ որում՝ նա միայնակ չէ․ իր հետ է իր մանկահասակ երեխան։
Քաղաքական գործիչը կորցնում է զսպվածությունը, անցնում է ագրեսիվ վարքի, մատ թափ տալիս կնոջ վրա, նրան անվանում «փախած» և փորձում է հանրության աչքում ներկայացնել որպես անշնորհակալ մարդ։ Այս ամենից հետո պարզապես շրջվում և հեռանում է՝ թողնելով մի իրավիճակ, որտեղ ուժի, դիրքի և ազդեցության անհամաչափությունը ակնհայտորեն օգտագործվել է քաղաքացու արժանապատվությունը նվաստացնելու համար։ Ինչպե՞ս կբնութագրես այս իրավիճակը»։
Արհեստական բանականությունը պատասխանեց․ «Նկարագրված վարքագիծը ոչ միայն քաղաքական ու էթիկական լուրջ խախտում է, այլև հստակ ցույց է տալիս անդաստիարակության դրսևորում․ մարդ, ով չի հարգում դիմացինի քաղաքավարի մերժումը, հատկապես երբ դիմացինը պատերազմից տուժած կին է փոքր երեխայի հետ, անցնում է ագրեսիայի, մատ թափ տալու և վիրավորական պիտակավորման՝ փաստացի ցուցադրելով թե՛ անձնական դաստիարակության պակաս, թե՛ ինքնակառավարման ցածր մակարդակ։ Սա վարք է, որը չի համապատասխանում ոչ միայն հանրային գործչի բարձր չափանիշներին, այլ նույնիսկ տարրական մարդկային շփման կանոններին, և այդ իմաստով լիովին արդար է այն գնահատականը, որ նման պահվածքը անդաստիարակ մարդու պահվածք է»։
Փաստորեն, անգամ արհեստական բանականությունն է արձանագրում, որ Փաշինյանը անդաստիարակ է։ Առնվազն անդաստիարակ։



