Բելառուսը հանգիստ է գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ հայտարարությունները» Մինսկի վերաբերյալ. այս մասին հայտարարել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան խորհրդական-բանագնաց Ալեքսանդր Շպակովսկին։
«Մենք հանգիստ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները, մենք շարունակում ենք հարգել եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի»,- գրել է նա թելեգրամյան ալիքում:
Շպակովսկին ընդգծել է, որ Բելառուսը «չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպես նաև Երևանի արտաքին քաղաքականության ոլորտին»։
«Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ մենք ակնկալում ենք նմանատիպ մոտեցումներ մեր գործընկերներից և դաշնակիցներից, ուստի որոշ տարակուսանքով հետևում էինք Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների շփումներին բելառուս քաղաքական ծայրահեղականների առաջնորդների հետ»,- նշել է դիվանագետը։
«Միևնույն ժամանակ, գործընկերների և դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի ինքնիշխան գործն է, և այս դեպքում մեզ համար անընդունելի է «կամ-կամ»-ի մոտեցումը: Մենք եղբայրական Ադրբեջանի հետ շփվել ենք և կշարունակենք համագործակցել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,- ընդգծել է Շպակովսկին։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ ինքը, ՀՀ որևէ պաշտոնական ներկայացուցիչ այլևս չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է:
«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից ու սկզբունքայնությունից։ Չնայած նաև իրավիճակ կա ԵԱՏՄ-ում ու ԱՊՀ-ում, ինչ-որ առումով ստիպված եմ լինելու, բայց նաև հետևյալն եմ ուզում ասել՝ ես արձանագրում եմ, որ Բելառուս ես երբեք չեմ այցելի, ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»,- ասել է Փաշինյանը։



