
Կոռեկտ չեմ համարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնելը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից 5 մլրդ դոլարի դիմաց Արցախը Ադրբեջանին հանձնելու հարցին։
Հարցին՝ իրեն Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցչի կողմից փակ ծրար փոխանցվե՞լ է, Վանեցյանն ասաց. «Ես հստակ չեմ պատասխանելու, որովհետեւ կոռեկտ չեմ համարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնել։ Ես կորոշեմ՝ երբ, ինչ ծավալով եւ ինչ պայմաններում հրապարակայնացնել այն տվյալները, որոնք ինձ հայտնի են դարձել առհասարակ»։
Հարցին՝ ինչո՞ւ ինքը երկու տարի առաջ չբարձրաձայնեց այդ հարցի մասին, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «2 տարի առաջ, երբ ես հանդես եկա հրաժարականի կոչով, բոլորին թվաց, թե Վանեցյանը կանգ առի կոչ է անում իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարում։ Այն, ինչ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը եղել եմ ես եւ այս հեղափոխության, ցավոք սրտի, սիմվոլներից մեկն եմ եղել»։
Նա նշեց, որ ինքը՝ որպես ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ապահովել է Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահի օպերատիվ կապը, որի մասին խոսվել է բազմիցս. «Եղել են բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկացված են ԱԱԾ խորհրդի բոլոր անդամները այդ հարցերը քննարկվել են ԱԱԾ խորհրդում։ Ավելին ասել չեմ կարող»։
Վանեցյանն ասաց, որ կա հարուցված քրեական գործ՝ պաշտոնեական դիրքի լիազորությունները չարաշահելու հոդվածով. «Դատախազությունը գրությամբ պատասխանել էր Արթուր Ղազինյանին, թե հարուցված է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքի լիազորությունները չարաշահելու հոդվածով, որի մեջ հստակ նշված է, որ որոշ պաշտոնատար անձինք չարաշահելով կամ չիրականացնելով իրենց պաշտոնեական պարտականությունները ազդել են պատերազմի ելքի վրա»։
Արթուր Վանեցյանը նշեց, որ կիրականացվի քննություն, այդ գործի շրջանակներում կտրվի պատասխան պատերազմի սկսելու, պատերազմի ընթացքի եւ պատերազմի արդյունքների վերաբերյալ. «Այդ գործի շրջանակներում եթե նախաքննող մարմինը կորոշի՝ ես պետք է մասնակցեմ, կմասնակցեմ եւ այդ հարցին կպատասխանեմ»։
Հարցին արդյոք հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրյալի կարգավիճակ ունենա, Վանեցյանն ասաց. «Անպայման մեղադրյալի կարգավիճակ կունենա»։