Փաշինյանի առաջ քաշած այս այսպես կոչված «խաղաղ...

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 2026-ին ժողովուրդը երկարացնելու է ՔՊ-ի մանդատը, քանի որ «խաղաղության օրակարգի հեղինակը ժողովուրդն է»։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Սակայն սա ոչ թե ժողովրդի կամքի արձանագրում է, այլ իշխանության քաղաքական ցանկություն։

ՔՊ-ն փորձում է սեփական օրակարգը ներկայացնել որպես համաժողովրդական պատվեր՝ մոռանալով, որ 2021-ին մանդատը ստացել էր այլ ծրագրի համար՝ կոռուպցիայի դեմ պայքար, պետական բարեփոխումներ և անվտանգության նոր համակարգ։

Այդ ամենը փաստացի տապալվել է։

Ավելին՝ Փաշինյանի առաջ քաշած այս այսպես կոչված «խաղաղության օրակարգի» հեղինակը ժողովուրդը չէ։

Նրա իրական հեղինակները Բրյուսելում և Վաշինգտոնում նստած պաշտոնյաներն են, ինչպես նաև Իլհամ Ալիևը, ում պահանջներին հետևողականորեն ենթարկվում է Հայաստանի իշխանությունը։

Փաշինյանը պարզապես փորձում է արտաքին ճնշումները և պարտադրանքները ներկայացնել որպես ժողովրդի կամք։

Այսպիսով, Փաշինյանի «ինքնավստահությունը» բխում է ոչ թե հասարակական վստահությունից, այլ ոչ մրցունակ ընդդիմության գոյությունից․ քաղաքական դաշտում առայժմ չկա այն ուժը, որը կձևավորի մրցունակ օրակարգ ու կդառնա իրական հակակշիռ իշխանությանը։

Ուստի Փաշինյանի ուղերձը միաժամանակ և քարոզչական հնարք է, և մանդատը ամեն գնով(անգամ՝ կեղծված ընտրություններով) «երկարացնելու» պատրաստակամության ակնարկ։

Եթե ընդդիմությունը շարունակի մնալ մասնատված ու անգործուն, իշխանության «քաղաքական ցանկությունը» կվերածվի իրականության։

Ժամանակն է ձևավորել մրցունակ քաղաքական կենտրոն՝ այլընտրանքային ծրագրերով, որը կարող է հաղթահարել 2021-ից հաստատված ստատուս-քվոն:

Միայն այդ ճանապարհով է հնարավոր վիժեցնել Փաշինյանի մտադրությունները»: