Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ազգային Ժողովը դարձել է հավատաքննության հիմնարկ: Այս հիմնարկի իշխանական ներկայացուցիչները իրենց մոտ եկածներին տալիս են հարցեր, որպեսզի հասկանան՝ հավատարի՞մ է նա իշխող վերնախավին, թե՞ ոչ:
Երեկ Ազգային Ժողովում էր ՄԻՊ Արման Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Իշխանական պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի, պատգամավորական գործունեությունից առաջ որևէ բանով աչքի չընկնող Հրաչյա Հակոբյանը որոշեց հավատաքննության երեկո կազմակերպել Թաթոյանի համար: Պատգամավորը հետաքրքրվեց՝ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո դատապարտված Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին համարու՞մ եք քաղբանտարկյալներ. «Մինչև այժմ որևէ հրաման տվող չի դատապարտվել: Դուք Մարտի 1-ի էջը փակվա՞ծ եք համարում»:
Իհարկե, որևէ արտառոց բան չկա, որ մինչ պատգամավոր դառնալը օճառային օպերաներում սպանված թուրք զինվորի դեր խաղացած անձը տեղեկացված չէ 2008 թվականի իրադարձություններից: Բանն այն է, որ քաղաքական բանտարկյալ բնորոշումը տալիս են մարդու իրավունքների պաշտպանությանբ զբաղվող մի քանի հեղինակավոր միջազգային կազմակերպություններ: Օրինակ՝ Human Rights Watch-ը, Amnesty International-ը. ԵԽԽՎ-ն է իր զեկույցներում այս կամ այն պետությունում առկա քաղաքական բանտարկյալների մասին խոսում, ԱՄՆ պետական դեպարտամենտը: Այս կառուցյներից և ոչ մեկը 2008 թվականի իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանին քաղաքական բանտարկյալ չի ճանաչել:
Փաշինյանն ինքն էլ լավ գիտի, որ միջազգային կառույցները իրեն քաղաքական բանտարկյալ երբեք չեն համարել: Սա է պատճառը, որ նա որքան էլ Հայաստանի ներսում խոսում է իր քաղբանտարկյալ լինելու մասին, դրսում համեստաբար լռում է այդ մասին: Փաշինյանը, օրինակ, ամիսներ առաջ ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում: Իր ելույթի ընթացքում Փաշինյանը խոսեց իր անցած քաղաքական ճանապարհի մասին, սակայն մեկ բառով անգամ չխոսեց իր քաղբանտարկյալ լինելու մասին: Փաշինյանն էլ գիտի, որ իր քաղբանտարկյալ լինելու մասին ԵԽԽՎ-ում խոսելը ներկաների քմծիծաղին կարժանանար:
Բորիս Մուրազի



