Պարզվել են Տաշիր քաղաքում գտնվող առանձնատուն...

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Տաշիր քաղաքում գտնվող առանձնատուն ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 32-ամյա երիտասարդը ավազակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով քննությամբ դեռևս չպարզված անձի հետ՝ դիմակավորված, զենքին նմանվող առարկայի և զենքի գործադրմամբ, 2021թ. հոկտեմբերի 29-ին մուտք են գործել վերոհիշյալ քաղաքում գտնվող առանձնատուն: Ինքնությունը չպարզված անձը զենքի փողն ուղղելով տանտիրուհու ուղղությամբ՝ պահանջել է գումար և ոսկի, որից հետո զենքի խզակոթով հարվածել է վերջինիս՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, իսկ 32-ամյա երիտասարդը, զենքին նմանվող առարկայի փողն ուղղելով հիշյալ կնոջ հարսի ուղղությամբ, կրկին պահանջել է ոսկյա զարդեր ու գումար: Այնուհետև, նկատելով վերոհիշալ տիկնոջ որդու՝ առանձնատուն վերադառնալու հանգամանքը, ինքնությունը չպարզված անձը դուրս է եկել տան բակ և կրակոցներ արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր հրազենային վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ 18.04.2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով (որը համապատասխանում է 01.07.2022թ. ՀՀ քր. օր-ի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին) և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

32-ամյա երիտասարդի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ինքնությունը չպարզված անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: