Պարտության համար նախկիններն են մեղավոր․ Վահագ...

Իշխանությունները շարունակում են փորձել մոլորեցնել հնարությանը։ Այս անգամ պատերազմի պարտության մեղքը նախկինների «գրպանը» գցել է փորձել իմքայլական նորաթուխ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․«Պարտության մեջ հիմնական մեղքի մասը նախկիններինն է, որոնք 25 տարի շարունակ առանց մի գրամ խղճի խայթի թալանել են, իսկ մենք միայն մեղավոր ենք, որ 2.5 տարում չկարողացանք բեկել ուժերի հարաբերակցությունը, որը ձևավորվել էր նախկին ապիկար իշխանությունների շնորհիվ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վահագն Ալեքսանյանը:

Նա հիշեցրել է, որ երրորդ նախագահը Սերժ Սարգսյանը դեռևս 2018 թվականին է հայտարարել, որ բանակցությունները գտնվում են փակուղում․«Երբ 2018 թվականին վարչապետ դառնալու ընտրության ժամանակ ԱԺ-ում Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ բանակցային գործընթացը փաստացի գտնվում է փակուղում, իսկ ինչ էր դրանից հետո տեղի ունենալու, եթե ոչ պատերազմ, երբ փաստացի ժառանգել էինք փակուղում գտնվող կարգավիճակ»,- նշել է պատգամավորը:

«25 տարի շարունակ երկու փաստացի հակամարտող պետություններից մեկը, ունենալով նավթադոլարներ և խրված լինելով կոռուպցիայի մեջ, միևնույն է, զինվել է, զինել է իր բանակը, իսկ ՀՀ-ում փաստացի տեղի է ունեցել բանակի թալան և 25 տարվա արդյունքում գալու էր ու հասնելու էր ուժերի անհամադրելիության այնպիսի մի աստիճանի, որը բեկել, ցավոք սրտի, չհաջողվեց»,-նկատել է նորաթուխ պատգամավորը։