Պարտքերը մեծանում են, իրենք ֆեստիվալներ ու «վարչաբենդ» են կազմակերպում, իբր տուրիզմ են զարգացնում: Այս մասին ԱԺ-ում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը:
«Մեր հանրությունը պետք է տեղեկացված լինի, թե բյուջեի միջոցները որ ուղղությամբ են ծախսվում և ինչու ենք մենք օր-օրի ավելացնում պետական պարտքը, արդյո՞ք այդ պետական պարտքի հաշվին կատարվող ծախսերի արդյունքում մենք ունենալու ենք տնտեսական աճ, թե ոչ: Երբ մեր հայրենակիցները լսում են, որ ավելացել է պետական պարտքը, ունենք 15 միլիարդ դոլարի պետական պարտք, վստահ եմ, որ նրանցից շատերի մոտ հարց է առաջանում՝ մեզ ի՞նչ դրանից:
Մենք դեռ մանրամասն պետք է ուսումնասիրենք, բայց ինձ օրինակ անհանգստացնում է պետական պարտքի թանկացումը: Երբ պետությունն ունի հսկայական պարտք, ճեղքվածք և տեսնում ենք, որ ինչ-որ ֆեստիվալներ են կազմակերպում, վարչաբենդ են կազմակերպում, Սնուպ Դոգ են ուզում բերել Հայաստան, հիմնավորում են՝ ասելով, որ տուրիզմն է զարգանալու, կարծում եմ, ավելորդություններ է: Մեր երկիրը գտնվում է այնպիսի վիճակում, որ թող ծայրահեղություն չհնչի, բայց ունի հակաճգնաժամային կառավարման կարիք: Բազմաթիվ անարդյունավետ ծախսեր կան, որոնք ցավոք սրտի մեկ տողով հնարավոր չի լինի բնութագրել.,- նշել է Ֆարմանյանը:



