Պարսից ծոցում գտնվող լցանավերի շուրջ 77%-ն առ...

Մարտի 6-ից մինչև 9-ը Հորմուզի նեղուցը հատել է միայն երկու նավթատար լցանավ և մեկ ապրանքատար նավ. Պարսից ծոցում գտնվող լցանավերի շուրջ 77%-ն առաջվա պես կանգնած է մնում խարիսխը գցած կամ կառանված է նավահանգստային տերմինալների կառանատեղիներում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Էյլեր վերլուծական տեխնոլոգիաներ» ընկերության կողմից ծովային նավերի հսկման ծառայությունների հիման վրա պատրաստված մոնիթորինգային տվյալները։

Փորձագետների հաշվարկներով, Պարսից ծոցում գտնվող լցանավերի վրա ածխաջրածինների ծավալն աճել է մինչև 22,7 միլիոն տոննա, որից 17,3 միլիոն տոննան բաժին է ընկնում նավթին։ Ներկայում տարածաշրջանում գտնվում է 141 նավթատար լցանավ, 133 ապրանքատար նավ և 17 հեղուկացված բնական գազի լցանավ։

Նաև վերլուծաբանները հավելում են, որ ապրանքատար նավերը սկսել են ավելի ակտիվորեն բեռնվել նավթով։

«Լրացուցիչ նշում ենք, որ նավթի փոխաբեռնման ծավալները Պարսից ծոցում շարունակում են նորմալ մակարդակում մնալ միայն ԱՄԷ-ում այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիայում, Իրաքում և Քուվեյթում դրանք ավելի քան կրկնակի շեղվել են նորմալ ցուցանիշներից», - նշվել է նյութում։

Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի կարևորագույն ծովային առևտրային ուղիներից մեկը և հանգուցային է նավթի տարանցման համար։ Նավթի և գազի համաշխարհային մատակարարումների մոտավորապես մեկ հինգերորդն անցնում է այդ նեղուցով: Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների պատճառով Թեհրանը թույլ չի տալիս լցանավերին և մյուս առևտրային նավերին, որոնք կապված են թշնամական երկրների հետ, անցնել Հորմուզի նեղուցով։