Փարաքարում Դավիթ Մինասյանը հաղթել է նախկին ՀՀ...

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին Հայաստանի 19 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին: Մրցակցային ընտրություններ էին Փարաքար համայնքում:

Այստեղ թեկնածուներն էին գործող երկարամյա համայնքապետ Սամվել Վարդանյանը, որը Հանրապետական էր, բայց հեղափոխությունից հետո հասկանալի պատճառով շատերի պես հրաժարվեց կուսակցությունից, «Իմ Քայլի» պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի մտերիմ Սարդուր Թեւոսյանը, Դավիթ Մինասյանը, որը դատվածություն ուներ, գրում է Hraparak.am-ը։

Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, ձայների մեծ առավելությամբ հաղթել է Դավիթ Մինասյանը՝ մոտավորապես 1200 ձայն, Սարդուր Թեւոսյանը մոտ կրկնակի պակաս է հավաքել, ավելի քիչ ձայն է ստացել գործող համայնքապետը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի, 2009 մարտի 1-ին «Սկառլետ» կարաոկե բարում Դավիթ Մինասյանը վիճաբանել է Դավիթ Փիլոյանի հետ որից հետո զրուցելու նպատակով պայմանավորվել են հանդիպել Ճառագայթային փողոցի Ա շենքի բակում, որտեղ վերջինս վիճաբանել է Դ.Փիլոյանի և ընկերների հետ,և իր մոտ եղած հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակով կրակել է եղբայրներ Գևորգյանների ոտքերի ուղղությամբ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:

Քրեական գործը հարուցվել է 2009թ. մարտի 21-ին։

Նախաքննության մարմնի 2009թ. մայիսի 25-ի որոշմամբ Դ.Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 9-ի դատավճռով Դ.Մինասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 5 տարի ժամկետով։

Վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Դ.Մինասյանի պաշտպան Ն.Մկրտչյանը։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։