Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում դպրոցների աշխատակիցների և աշակերտների՝ ենթադրյալ օրենքի խախտմամբ մասնակցության դեպքերին։
Վարչապետը նշեց, որ դեպքն ի սկզբանե իրեն հուզել է։
Վարչապետը տեղեկացրել է, որ այն դպրոցների տնօրենները, որոնց հետ կապված խնդիր կա, դիմումներ են գրել աշխատանքից ազատվելու համար։
«Այն դպրոցների տնօրենները, որոնց հետ կապված խնդիր կա, աշխատանքից ազատման դիմում են գրել, բայց նաև, որպեսզի չստացվի, որ մենք պահի տակ, էմոցիայի տակ հանկարծ որևէ մեկի նկատմամբ անարդար ենք վարվում, մենք ծառայողական քննություն կիրականացնենք, և այնտեղ, որտեղ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կլինի պատասխանատվություն»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց որևէ հավաքի մասնակցելուն մղելը չի կարող մնալ առանց հետևանքի։
«Ովքեր վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց կմղեն գալ մեր կամ որևէ այլ հավաքի, դա չի կարող մնալ առանց հետևանքի»,-ասաց նա։
Փաշինյանի նշեց, որ խոսքը 4 դպրոցի տնօրենների մասին է, որոնց աշակերտներ և ուսուցիչներ են ներկա եղել միջոցառմանը։
Մայիսի 13-ին Արագածոտնի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին դպրոցների ուսուցիչների և աշակերտների մասնակցության մասին լուրեր շրջանառվեցին։ Լուրերի համաձայն՝ այդ դպրոցներում դասերն ընդհատել էին, որպեսզի մասնակցեն ՔՊ-ի քարոզարշավին։ Այդ լուրերի տարածումից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, որ դեպքերի առնչությամբ ծառայողական քննություն են սկսել։



