
Եվրամիությունը միջամտում է Վրաստանի ներքին գործերին և կեղծ դիլեմաներ է պարտադրում, և դրա ամենաակնառու դրսևորումը 2024 թ. աշնանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին միջամտությունն էր, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Այս մասին տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից։
Արևմուտքը մեղադրում է Վրաստանի ներկայիս իշխանություններին ժողովրդավարությունից հեռանալու և հակաարևմտյան հռետորաբանության մեջ։ Քննադատությունը հատկապես ուժեղացել է 2024 թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես նաև Վրաստանի իշխանությունների կողմից ԵՄ-ին երկրի անդամակցության բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը հետաձգելու որոշումից հետո։ Միջազգային գործընկերները բազմիցս կոչ են արել կառավարությանը վերադառնալ եվրաինտեգրման ուղուն և անցկացնել նոր ընտրություններ։
«Մենք ունենք հոկտեմբերի 26-ի ընտրությունների դառը փորձը, որոնցում Եվրամիությունը՝ տարբեր դրսևորումների, անդամ պետությունների և տարբեր ինստիտուտների միջոցով միջամտեց Վրաստանի ընտրություններին։ Սա փաստ է», - ասել է Պապուաշվիլին «Imedi LIVE» հաղորդման եթերում։
Վրաստանի խորհրդարանի ղեկավարը հիշեցրել է, որ անձամբ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին, ինչպես նաև առանձին պետությունների, մասնավորապես՝ Բալթյան երկրների ներկայացուցիչները միջամտել են ընտրություններին։
«Ինչո՞ւ ենք մենք անկախ երկիր, ինչո՞ւ ունենք սահմաններ։ Սրանք ոչ միայն ֆիզիկական սահմաններ են, այլև մեր ինքնիշխանության սահմանները։ Օտարերկրյա դեսպանը մեր ընտրություններում անելիք չունի», - ասել է Պապուաշվիլին։
ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմի հնարավոր կասեցման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ դրա համար հիմքեր չկան։ Նա ընդգծել է, որ Բրյուսելը պատրվակներ է օգտագործում Վրաստանի վրա քաղաքական ճնշում գործադրելու համար, և մտահոգություն է հայտնել, որ ապագայում պահանջները կարող են ավելի ու ավելի անհեթեթ դառնալ։
«Այդպես կարելի է ցանկացած անհեթեթ, անհասկանալի պայմանականություն վերածել պահանջի։ Սա է հիմնական խնդիրը՝ երբ առանց վիզայի ռեժիմն օգտագործվում է որպես Վրաստանի վրա ճնշման գործիք», - նշել է Պապուաշվիլին։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը նամակ էր ուղարկել, որի համաձայն, եթե Վրաստանի կառավարությունը չկատարի «օտարերկրյա գործակալների» և ԼԳԲՏ քարոզչության մասին օրենքի հետ կապված որոշակի պայմաններ, ապա քաղաքացիների համար անայցագիր ռեժիմը կդադարեցվի։
Պապուաշվիլիի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու են վիզայի ազատականացման շուրջ քննարկումներում ներառվում թեմաներ, որոնք դրա հետ կապված չեն։
«Դա նման է Երկրի տափակ լինելուն. նախկինում պնդում էին, թե Երկիրը տափակ է, իսկ նրանց, ովքեր հակառակն էին ասում, այրում էին խարույկի վրա։ Այսօր իրավիճակը կրկնվում է. մեզ հայտարարում են հերետիկոսներ և այրում գաղափարական խարույկի վրա», - նշել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։