Պակիստանը և Հնդկաստանը միմյանց ուղղությամբ  կ...

Հնդկաստանի և Պակիստանի զինվորականները միմյանց ուղղությամբ կրակոցներ են արձակել Ջամու և Քաշմիրի վերահսկողության սահմանապահ գծում։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից։

«Վերահսկողության գծի որոշ վայրերում Պակիստանի նախաձեռնությամբ կրակ է արձակվել հրազենով, - PTI գործակալությանը հայտնել է աղբյուրը։ - Գնդակոծություններին տրվել է արդյունավետ պատասխան»։ 

Զոհերի մասին տեղեկավություն չի ստացվել։

Ինչպես նշել է PTI-ը, Պակիստանի բանակի կողմից  գնդակոծությունը տեղի է ունեցել երկու կողմերի միջև լարվածության աճի ֆոնին՝ Փահալգամում իրականացված ահաբեկչական հարձակման պատճառով, որի հետևանքով զոհվել է 26 խաղաղ բնակիչ։

Ահաբեկչական հարձակումից հետո տարածաշրջանում իրականացվում են նաև հակաահաբեկչական գործողություններ։ Ինչպես հայտնել են Հնդկաստանի ուժային կառույցները, անցած գիշեր տեղի է ունեցել փոխհրաձգություն ահաբեկիչների և անվտանգության ուժերի միջև:

Հնդկաստանի Պահալգամ քաղաքում առնվազն 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից հետո երկրի իշխանությունները հայտնել են Իսլամաբադում ռազմական կցորդներին հետ կանչելու, դիվանագիտական անձնակազմի թիվը կրճատելու, 60 տարի առաջ ստորագրված գետի համատեղ օգտագործման մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու, ինչպես նաև Պակիստանի հետ ցամաքային անցակետը փակելու մասին։ 

Ի պատասխան՝ Պակիստանը փակել է Հնդկաստանի հետ սահմանին գտնվող «Վագահ» անցակետը, ինչպես նաև իր օդային տարածքը հնդկական և Հնդկաստանի սեփականություն հանդիսացող ավիաընկերությունների համար։ Բացի այդ, Իսլամաբադը կասեցրել է Հնդկաստանի հետ գործող բոլոր երկկողմ համաձայնագրերը։  

Հնդկաստանը և Պակիստանը յուրաքանչյուրը վերահսկում են Քաշմիրի մի հատված։ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում զինյալները դեռ 1989 թվականից պայքարում են Նյու Դելիի կառավարության դեմ։ Իրավիճակն ավելի է սրվել այն բանից հետո, երբ 2019 թվականին Հնդկաստանը Քաշմիրը զրկեց կիսաինքնավար կարգավիճակից։