Փախուստի փորձ և ձերբակալություն․ ձերբակալվածն...

Մարտի 11-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները Տիչինա փողոցի թիվ 93 հասցեի մոտից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Շիրակի մարզի բնակիչներ 25-ամյա Սևակ Ն․-ին և 32-ամյա Գուրգեն Հ․-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վերջիններս երբ նկատել են, որ ոստիկանության աշխատակիցները մոտենում են իրենց փորձել են դիմել փախուստի և այդ ընթացքում Սևակ Ն․-ն իր մոտից նետել է կասկածելի փաթեթ՝ լցված սպիտակավուն զանգվածով։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալվածների հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով Սևակ Ն․-ն աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։