«Օտարերկրյա գործակալների մասին» վրացական օրեն...

Վրաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և անհատներ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հայց կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտնում է Эхо Кавказа-ն։ 

Ինչպես հայտնի դարձավ հոկտեմբերի 17-ին Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցում, հայցը կներկայացվի 16 լրատվամիջոցների, 120 ՀԿ-ների և չորս ֆիզիկական անձանց անունից։

Դիմումատուները նշում են, որ օրենսդրությունը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանված հավաքների և միավորումների ազատության իրավունքները (հոդված 11), արտահայտվելու ազատությունը (հոդված 10), անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունքը (հոդված 8), և իրավական պաշտպանության իրավունքը (հոդված 13):

«Ռուսական օրենքը» ոչ միայն նպատակ ունի սահմանափակել քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցներին, այլ նաև ծառայում է բոլոր քաղաքացիներին միմյանցից մեկուսացնելուն և քննադատական ​​ձայները ճնշելուն։ Դիմող կազմակերպություններն աշխատում են այնպիսի հանրային խնդիրների վրա, ինչպես  շրջակա միջավայրի պաշտպանությունը, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությունը, բռնությունից կանանց և երեխաների պաշտպանությունը, դատական ​​բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, հետաքննող լրագրությունը և այլն:

Ռուսական մեթոդներով անկախ կազմակերպությունների դեմ պայքարը ոչ միայն խախտում է մարդու հիմնարար իրավունքները, այլև խաթարում է վրաց ժողովրդի անսասան ընտրությունը՝ ինտեգրվելու եվրատլանտյան կառույցներին»,- ասվում է լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների և անհատների ներկայացուցիչների հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվեց հոկտեմբերի 4-ի արձանագրությունը, որով մասնակիորեն քննարկման են ընդունվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ ներկայացված չորս հայցադիմումներ։ Դատավորները ձայների մեծամասնությամբ ընդունեցին, որ վիճահարույց նորմը անմիջական վտանգ չի ներկայացնում հասարակական և լրատվամիջոցների համար, ուստի հրաժարվեցին դադարեցնել դրա կիրառումը մինչև գործով վերջնական որոշում կայացնելը։

Դատարանը քննության է ընդունել «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ներկայացված սահմանադրական հայցերը (Վրաստանի նախագահի, Վրաստանի խորհրդարանի անդամների, ոչ կառավարական հատվածի և լրատվամիջոցների կողմից):