Օրինակ ԲՀԿ-ն խորհրդարանական ընդդիմադիր ուժերի...

Ընդդիմությունը սպառվել է, ես ափսոսում եմ, որ մեր ընտրությունները հաջորդ տարի չեն:  Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Միգուցե իշխանության վարկանիշը ցածր է, չնայած վերջին հարցումները ցույց են տալիս, որ ամենաբարձրն է, բայց այսօրվա ԱԺ ընդդիմությունն ավելի շատ արտախորհրդարանական ընդդիմություն է, եւ դուրսը կան ընդդիմադիր ուժեր, որոնք շատ ավելի շատ ձայներ կարող են ստանալ: Օրինակ ԲՀԿ-ն, որը ըստ հարցումների ամենաշատ ձայնն է ստանում: Նենց չի, որ ես իրենց ֆանատն եմ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հարցումներով շատ ձայներ ունի նաեւ «Դոգ»-ը՝ Վարդան Ղուկասյանը, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ինչու ոչ, եթե մարդիկ գնալու են ընտրեն, չնայած ես վստահ եմ, որ նման պատկեր տեղի չի ունենա»:

Ալեն Սիմոնյանը նկատեց, որ ՔՊ-ն առաջարկ է ներկայացնում հասարակությանը. «Այլ մարդ, որ առաջարկ է ներկայացնում՝ չկա: Այնհայտ է, որ համակարգային կոռուպցիան գոյություն չունի: Էսօր ինչ-որ մեկը գործարարներից Հարկայինի պետի, իմ, վարչապետի  անվտանգության աշխատակցի անունը, համարը, էն մի պատգամավորի ախռաններիների հեռախոսի համարն ունի ու գործունեություն ծավալելու համար դրա կարիքն ունի՞: Դրա համար ենք մենք ընտրվում, որովհետեւ գործարարներին չենք խանգարում, հարկային դաշտն ազատ է, խաղաղության օրակարգը ՀՀ քաղաքացիների համար հասկանալի է: Ժողովրդավարության առումով Հայաստանը երբեւէ նման մակարդակի չի եղել»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ թռուցիկների համար 18-ամյա աղջիկներին զենքի կասկածանքով բերման են ենթարկել, Սիմոնյանն արձագանքեց. «Իսկ գուցե հակառա՞կն է տեղի ունեցել. զենքի կասկածանքով մեքենա են կանգնեցրել, մեջը թռուցիկ են գտել:

Մեր ոստիկաններն աշխարհի ամենալավ ոստիկաններն են քաղաքացիների հետ վարվելու առումով: Մտեք համացանց ու տեսեք, թե ժողովրդավարական երկրներում իրավախախտների հետ, պետական շենքերի վրա հարձակվողներին ինչպես են վարվում: Այո, շատ ոստիկան պետք է լինի, որպեսզի հոկտեմբերի 27-ներ, մարտի 1-եր ՀՀ-ում չլինեն»: