Օրինագծով կարգավորվում են նաև հեռավար կրթությ...

Կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում և կից ներկայացված օրինագծերում փոփոխությունների փաթեթին։

Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականության ձևավորման և իրականացման հիմքերը և պայմանները ապահովելու նպատակով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում սահմանվում են՝ բարձրագույն կրթության և գիտության համակարգում նոր իրավական, կազմակերպական և ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերություններ, ներառյալ ակադեմիական քաղաքին և գիտական փորձաքննությանը վերաբերող հարաբերությունները՝ արտացոլելով բարեփոխումների ընթացքը։ Օրենքի նախագծում ամրագրվել են դրույթներ, որոնք միտված են բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման, այդ թվում՝ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման, որպես գիտահետազոտական ինստիտուտներ, բուհերի կազմում ընդգրկվելու, համագործակցության և աստիճանական ինտեգրման, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու իրավական հիմքեր ստեղծելուն՝ ապահովելու որակյալ բարձրագույն կրթություն և հետազոտական արդյունքներ։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումների, անհրաժեշտ քաղաքականության մշակման համար իրավական հիմքերի, սկզբունքների, պայմանների, լիազորող նորմերի, միասնական կարգավորումների առկայություն՝ նպաստելով ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախանշված թիրախներին հասնելուն՝ դրանք են՝
• բարձրագույն կրթության և գիտության ոլորտում առաքելությամբ առաջնորդվող, մրցունակ և դիմակայուն համակարգերի ձևավորմանը, կրթության որակի շարունակական բարելավմանը և ժամանակի պահանջներին համահունչ կրթության կազմակերպմանը նպաստելը.
• բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ներգրավված դերակատարների ակադեմիական ազատություններ և ինքնավարության երաշխավորումը.
• բուհական և գիտական համակարգում շարժունության ապահովումը, այդ թվում՝ ժամանակակից և համադրելի ընթացակարգերի սահմանմամբ.
• լավագույն կրթության, լավագույն կրթական փորձառության, հետազոտական և փորձարարական առավել մրցունակ պայմանների երաշխավորումը և վերահսկողությունը, ինչպես նաև նոր գիտելիքի ստացմանը նպաստող միջավայրի ձևավորումը.
• աշխատանքի շուկայում ռելևանտության, նորարարական պոտենցիալի մաքսիմալ դրսևորման և տնտեսական առավելագույն ազդեցությանը նպաստելը.
• հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման մեխանիզմների ներդրումը և սերնդափոխության արդյունավետ գործիքակազմի կիրառումը:

Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե հեռավար կրթության ծառայությունների պահանջարկի մասով ինչ կարգավորումներ են իրականացվել, ինչին ի պատասխան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Հեռավար կրթության համապատասխան կարգավորումները մենք դրել ենք օրենքում: Եթե համեմատեք այս պահին գործող օրենսդրությունը նրա հետ, ինչ առաջարկվում է, կարող եմ ասել, որ դաշտն էապես ընդլայնվելու հնարավորություն ունի: Իհարկե որակի, մշտադիտարկման, ամբողջ ստանդարտներին համապատասխանության պարագայում նմանատիպ ծառայությունները հնարավոր կլինեն մատուցել»: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ բուհերի մրցակցային լինելու համար կարևոր դերակատարում ունի հեռավար կրթությունը, առնվազն՝ ծառայության արտահանման մասով: