Օրինագիծը շուտով լինելու է Ազգային ժողովի օրա...
Դեկտեմբերի 5-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Կամավորների միջազգային օր։ Այս առիթով «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարական կազմակերպությունը ՀՀ Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի և ՄԵԿ երիտասարդական հարթակի հետ համատեղ անցկացրել է «Հայաստանում կամավորության զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու հեռանկարներն ու հնարավորությունները» երիտասարդական ֆորումը:
Ֆորումին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Ֆորումի նպատակն էր ստեղծել հարթակ, որտեղ երիտասարդները ոլորտի պատասխանատուներին և որոշում կայացնողներին կուղղեն իրենց հարցադրումները «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որը շուտով լինելու է Ազգային ժողովի օրակարգում։
 
Միջոցառմանը մասնակից երիտասարդներին ողջունել և նրանց՝ շուրջ երեք տասնյակ հարցերին պատասխանել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանը։
 
Իր ելույթում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ երիտասարդության շրջանում կամավորության մշակույթի խթանումը պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարության առանցքային խնդիրներից է։ «Կամավորական աշխատանքը երիտասարդներին հնարավորություն է տալիս բարելավել իրենց մասնագիտական հմտությունները, ձեռք բերել անհրաժեշտ փափուկ հմտություններ, ինչպես նաև աշխատանքային փորձ։ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է կամավորության ինստիտուտի զարգացումը և կրթության և երիտասարդության ոլորտներում իր ծրագրերի միջոցով խթանում է երիտասարդների ներգրավվածությունը կամավորական աշխատանքներում», - հարցուպատասխանի ընթացքում նշել է նախարարի տեղակալը։
 
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի՝ շահագրգիռ քննարկումների ընթացքում ձևավորվել է այն տեսակետը, որ կա օրենքի մշակման և ընդունման անհրաժեշտությունը։ 2018 թվականի ընթացքում 15-ից 74 տարեկան ՀՀ բնակչության 11.3 տոկոսը կատարել է կամավոր աշխատանք: «Կամավոր աշխատանքների համար օրենսդրական հիմքերի ամրագրմամբ հանրապետության մի շարք սոցիալական և կրթության ոլորտի խնդիրների լուծման համար կստեղծվեն մեծ հնարավորություններ», - ասել է փոխնախարարը։
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանը կարևորել է երիտասարդների մասնակցությունը քննարկմանը, քանի որ երիտասարդները այս օրենքի հիմնական շահառուներն են և պետք է հնարավորություն ունենան մասնակցելու նախագծի քննարկման բոլոր փուլերին։
Երիտասարդների հետ շուրջ երկու ժամ տևած քննարկման և հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են օրենքի նախագծին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ կամավորների ապահովագրության, կամավորության խրախուսման մեխանիզմների, կամավորներին արտոնություններ տրամադրելու, կամավորության որակի գնահատման, կամավորների իրավունքների պաշտպանության, մարզերում կամավորության խթանման և այլ հարցեր։
Երիտասարդական Ֆորումն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակում։
Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։