Օրբանը պատմել է Հունգարիայի, Վրաստանի, Ադրբեջ...

Սև ծովի հատակով բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ անցկացնելու ծրագիրը մեգաեվրոպական նախագիծ է, որն Ադրբեջանի և Վրաստանի տարածքների միջոցով ԵՄ շուկան կապահովի կանաչ էլեկտրաէներգիայով, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում, գրում է sputnik-georgia.ru-ն:

«Ինձ համար մեծ պատիվ է, որ կարող ենք միասին աշխատել խոշոր նախագծի վրա: Այս նախագիծը ամենամեծն է Եվրամիության համար, քանի որ հսկայական եվրոպական ծրագիրը ենթադրում է կանաչ էլեկտրաէներգիայի մատակարարում Կովկասի տարածաշրջանից Եվրոպա, որը մեգաեվրոպական նախագիծ է: Ադրբեջանը, Ռումինիան, Հունգարիան աշխատում են այս ուղղությամբ, և մենք ունենք համատեղ ձեռնարկություն: Սա վճռական քայլ է այս ուղղությամբ, և ես հուսով եմ, որ սա կլինի Եվրամիության ամենահաջող նախագծերից մեկը», - ասել է Օրբանը։

Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի անցկացման մասին համաձայնագիրը, ըստ որի՝ Վրաստանից և Ադրբեջանից էլեկտրաէներգիան կուղղվի Եվրոպա, Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունները ստորագրել են 2022 թվականի դեկտեմբերին։

Նախագիծը նպատակ ունի ամրապնդել էներգետիկ անվտանգությունը Եվրոպայում և Կովկասի տարածաշրջանում, զարգացնել վերականգնվող էներգիայի ոլորտը և մեծացնել տարանցման հնարավորությունները: Եվրամիությունը մտադիր է 2,3 միլիարդ եվրո հատկացնել Սև ծովով ստորջրյա մալուխային ծրագրի համար։

Նախագծի իրականացման դեպքում հազար մեգավատ հզորությամբ մալուխը (1,1 հազար կմ-ն՝ ստորջրյա, 95 կմ-ն՝ ցամաքային) Վրաստանն ու Ադրբեջանը կմիացնեն Արևելյան Բալկանների հետ, ինչը թույլ կտա Հարավային Կովկասին և Եվրոպային օգտվել արտահանման ընդլայնված հնարավորություններից և ներմուծել էլեկտրաէներգիա՝ հաշվի առնելով էլեկտրաէներգիայի շուկայի ժամային գները։