Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ուկրաինա, ՌԴ եւ Չինաստան կատարած ուղեւորություններից հետո ԵՄ ղեկավարներին ծանոթացրել է իր «խաղաղարար առաքելության» արդյունքներին եւ Բուդապեշտի «խաղաղ» առաջարկներին։ Այս մասին Magyar Nemzet հունգարական կառավարամետ թերթի հարցազրույցում ասել է վարչապետի քաղաքական տնօրեն Բալաժ Օրբանը։
Նա նշել է, որ «Օրբանի պլանը այժմ ԵՄ յուրաքանչյուր ղեկավարի սեղանին է դրված»։
Բալաժ Օրբանը պատմել է, որ Հունգարիայի վարչապետի Կիեւ եւ Մոսկվա կատարած ուղեւորություններից «հասկանալի է դարձել, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը շատ վճռական են տրամադրված պայքարը շարունակելու հարցում»։
«Եվ առանց արտաքին միջնորդների միջամտության մենք, ցավոք, կտեսնենք շատ դաժան ավերածություններ առաջիկա ամիսներին»,- նշել է նա։
Դրանից հետո, Օրբանի խոսքով, Հունգարիան սկսել է բանակցությունները պոտենցիալ միջնորրդների՝ Չինաստանի, Թուրքիայի եւ Դոնալդ Թրամփի հետ։
«Բայց եվրոպացիները եւ ԱՄՆ ներկայիս վարչակազմը կողմ են պատերազմը շարունակելուն։ Վարչապետը ԵՄ ղեկավարներին գրել է բանակցությունների, խաղաղարար առաքելության առաջին փուլի արդյունքների եւ հունգարական առաջարկների մասին։ Եթե Եվրոպան խաղաղություն է ուզում եւ ուզում է վճռական ձայն ունենալ պատերազմի կարգավորման եւ արյունահեղության դադարեցման գործում, նա պետք է հիմա մշակի եւ իրականացնի ուղղության փոփոխություն»,- ասել է նա։
Օրբանը նաեւ կարծում է, որ չարժե թերագնահատել Հունգարիայի դերը որպես միջնորդի, քանի որ, նրա կարծիքով, երկիրը կարող է «լուրջ դեր խաղալ միջնորդական գործում»։
«Հունգարիան ունակ միջնորդ է, ինչպես ցույց են տվել վերջին երկու շաաբթները, եւ մեր խնդիրն այժմ այդ նոր մոտեցումը համատեղելն ու Եվրամիության անդամ երկրներին համոզելն է Վիկտոր Օրբանի պլանի հետ կապված»,- ամփոփել է նա։
Եվրամիության իրավաբանական ծառայությունը ավելի վաղ պարզել էր, որ Հունգարիայի վարչապետի բանակցությունները Պուտինի հետ հակասում են ԵՄ պայմանագրերին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Եվրամիության պետությունները դիտարկում են Հունգարիային պատժելու տարբերակներ Ռուսաստան չհամաձայնեցված այց կատարելու համար։