Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Եվրոպայում շատ առաջնորդներ չեն հասկանում, թե Վրաստանի նման երկրի համար որքան դժվար է պահպանել ինքնիշխանությունը բոլոր ուղղություններով, հայտնում է Առաջին վրացական ալիքը։
Այս մասին Օրբանը հայտարարել է Մեծ Բրիտանիայում, որտեղ ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ հանդիպումը։
Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Վրաստանում կա կառավարություն, որը շատ ծանր պայմաններում փորձում է պահպանել երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։
«Վրաստանը լավ երկիր է։ Ես բարձր եմ գնահատում երկրի իշխանությունը, նա շատ ծանր պայմաններում փորձում է պահպանել անկախությունն ու ինքնիշխանությունը։ Ցավոք սրտի, Եվրոպայի շատ առաջնորդներ չեն հասկանում, թե Վրաստանի նման երկրի համար որքան դժվար է ինքնիշխանությունը պահպանել բոլոր ուղղություններով, բայց ես գնահատում եմ այն, ինչ նրանք անում են»,- ասել է Վիկտոր Օրբանը։
Տեղեկացնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: