Օմանը չի վախեցել Թրամփի սպառնալիքներից. «Մենք...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ սպառնացել է հարված հասցնել Օմանին՝ իր մերձավորարևելյան գործընկերոջը։ Սակայն այս անգամ Մասկատում սպառնալիքին արձագանքել են ոչ թե ցնցումով, այլ զայրույթով, գրել է Al-Monitor-ը։

Անցած երկուշաբթի Թրամփը Fox News-ի հարցազրույցում հայտնել էր, որ ԱՄՆ-ը «գրողի ծոցը կուղարկի» Օմանը, եթե այն կանգնի Վաշինգտոնի ճանապարհին։ Ավելի ուշ նույն օրը նա հավելել է. «Չեմ կարծում, թե Օմանն իրեն շատ լավ է պահել, բայց մենք հեշտությամբ գլուխ կհանենք նրանից, ինչպես նաև մյուսներից»։

Ըստ ամենայնի, խոսքը վերաբերում էր Օմանի և Իրանի միջև Հորմուզի նեղուցով նավագնացության վերաբերյալ զուգահեռ բանակցություններին։

Նույն օրը Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Թեհրանն ու Մասկատը նեղուցով նավագնացության հարցում հասել են «փոխըմբռնման» և աշխատում են համատեղ հայտարարության վրա։ Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ համաձայնությունը կարող է նախատեսել այսպես կոչված «սպասարկման վճարներ»՝ փաստացի ամրագրելով Իրանի ազդեցությունը Հորմուզում։ Օմանը հերքում է անցման համար վճարների գանձման համատեղ համակարգ ստեղծելու ծրագրերը։

Դեռ մայիսին Թրամփն արդեն կոչ էր արել Մասկատին «լավ պահել իրեն», հակառակ դեպքում ԱՄՆ-ը «ստիպված կլինի պայթեցնել նրանց»։ Այդ ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նույնպես նախազգուշացրել էր Օմանին հնարավոր պատժամիջոցների մասին, եթե երկիրը համագործակցի Իրանի հետ նավերի անցման վճարների հարցում։

Al-Monitor-ի հետ անանունության պայմանով զրույցում Օմանի գործող և նախկին մի քանի ներկայացուցիչներ բավական հանգիստ են վերաբերվել Թրամփի նոր սպառնալիքին։

«Մենք մտահոգված ենք», — հայտարարել է Մասկատում գտնվող մի աղբյուր, որը ծանոթ է Օմանի իշխանությունների դիրքորոշմանը։ Նրա խոսքով՝ Թրամփը «փորձում է պատերազմի ձախողման համար քավության նոխազ գտնել»։ «Անկեղծ ասած՝ մենք դա լուրջ չենք ընդունում», — հավելել է նա։

Օմանցի նախկին դիվանագետը նույնպես նշել է, որ Մասկատն աստիճանաբար վարժվում է նմանատիպ սպառնալիքներին. «Մենք նորից ու նորից նման սպառնալիքներ ենք լսում»։

«Օմանը հայտնվել է մուրճի և սալի միջև», — ասել է Պարսից ծոցի արաբական պետությունների ինստիտուտի գիտաշխատող Աննա Ջեյքոբսը։ Նրա խոսքով՝ Մասկատը ցանկանում է պահպանել լավ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ և տասնամյակներ շարունակ սերտորեն համագործակցում է Վաշինգտոնի հետ միջնորդության ոլորտում, սակայն «չի կարող կուրորեն հետևել այն ամենին, ինչ ցանկանում է Վաշինգտոնը»։

Օմանը հաճախ անվանում են «Մերձավոր Արևելքի Շվեյցարիա»։ Երկիրը փորձում է հեռու մնալ տարածաշրջանային հակամարտություններից և պարբերաբար դառնում է փակ բանակցությունների հարթակ՝ Իրանի և նրա եմենյան դաշնակից հութիների մասնակցությամբ։

Իրանի հետ ավանդաբար սերտ հարաբերությունները Օմանին չփրկեցին ներկայիս պատերազմի հետևանքներից։ Վերջին վեց ամիսների ընթացքում իրանական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները վնասել են սուլթանության արդյունաբերական գոտիներն ու նավահանգիստները։ Սակայն Օմանը զգալիորեն ավելի քիչ է տուժել, քան Պարսից ծոցի մյուս երկրները, և հիմնականում զերծ է մնացել Իրանի հասցեին ուղղակի մեղադրանքներից։

«Օմանի սերտ հարաբերություններն Իրանի հետ ընտրություն չեն, այլ անհրաժեշտություն», — հայտարարել է Ճապոնիայի Վասեդա համալսարանի օմանցի գիտնական Աբդուլա Բաաբուդը։ Նրա խոսքով՝ Իրանը հարևան և ազդեցիկ երկիր է, որը կարող է «քաոս ստեղծել Հորմուզի նեղուցում»։

Թրամփի դժգոհությունը Օմանից հատկապես նկատելի դարձավ ապրիլին նրա հեռուստաուղերձից հետո։ Այդ ժամանակ ԱՄՆ նախագահը շնորհակալություն հայտնեց Մերձավոր Արևելքում ԱՄՆ վեց գործընկերներին պատերազմի ընթացքում աջակցության համար, սակայն Օմանին դրանց թվում չհիշատակեց։

Սա ուշագրավ էր, քանի որ հենց Մասկատն էր երկար տարիներ միջնորդի դեր խաղում Վաշինգտոնի և Թեհրանի միջև։ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք Օմանի միջոցով իրականացվում էին գաղտնի շփումներ, որոնք ի վերջո հանգեցրին 2015 թվականի միջուկային համաձայնագրին։ Նմանատիպ ուղի օգտագործում էր նաև Ջո Բայդենի վարչակազմը՝ փորձելով վերականգնել համաձայնագիրը։

Թրամփի երկրորդ վարչակազմի սկզբում Օմանը նույնպես օգնում էր կազմակերպել հանդիպումներ Իրանի ներկայացուցիչների և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև։ Փետրվարին Մասկատը հյուրընկալեց ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երեք փուլ, մինչև Թրամփը հրաժարվեց դիվանագիտական ճանապարհից։

Սակայն պատերազմի շարունակվելուն զուգընթաց Վաշինգտոնում ուժեղանում էր այն զգացողությունը, որ Օմանը «չափազանց մոտ է Իրանի դիրքորոշմանը»։ Արդյունքում՝ Թրամփի վարչակազմը միջնորդության առաջատար դերը փոխանցեց Պակիստանին և Կատարին։

Թրամփի ներկա սպառնալիքները դժվար թե հանգեցնեն հարաբերությունների լուրջ խզման, որոնք արդեն շուրջ 230 տարվա պատմություն ունեն։ Բայց դրանք ավելի ու ավելի են փորձության ենթարկում Օմանի ավանդական դիվանագիտական ռազմավարությունը։

«Օմանը գնահատում է ԱՄՆ-ի հետ իր երկարաժամկետ հարաբերությունները, բայց մի դարաշրջանում, երբ քեզնից պահանջում են լինել կամ մեզ հետ, կամ մեր դեմ, նման դիրքորոշումը պահպանելը շատ դժվար է դառնում», — եզրափակել է Բաաբուդը։