2024-ի հունիսյան ցույցերի դեպքերով փաստահավաք...

2024-ի հունիսյան ցույցերի դեպքերով փաստահավաք խումբ կստեղծվի: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

«Հունիսի 12-ի դեպքերով, երբ ոստիկանները ուժ գործադրելով ցրեցին Ազգային ժողովի մոտ ընդդիմության ցույցը և լուսաձայնային նռնակներ օգտագործեցին, փաստահավաք խումբ ենք ստեղծելու»,- նշել է Սողոյանը:

Նշենք, որ այս պահին խմբում ներգրավված են լինելու փաստաբաններ Տաթևիկ Սողոյանը, Հովհաննես Խուդոյանը, Լիդյա Մանթաշյանը: Հիշեցնենք, որ ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի գործով փաստաբան Լիդյա Մանթաշյանը կալանավորված էր:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 12-ին Երևանում՝ Ազգային ժողովի հարևանությամբ (Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում), տեղի ունեցան լարված բախումներ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև, որոնց ընթացքում ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային նռնակներ: Բախումների հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական օգնության դիմեցին տասնյակ քաղաքացիներ և ոստիկաններ: Դեպքերի փաստով Քննչական կոմիտեն նախաձեռնեց քրեական վարույթ՝ զանգվածային անկարգությունների հատկանիշներով, ինչի շրջանակում քրեական հետապնդումներ և ձերբակալություններ տեղի ունեցան:

Հատուկ միջոցների կիրառման և հրմշտոցի հետևանքով տասնյակ քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ, այրվածքներ և վերջույթների վնասումներ: Քաղաքացիներից մեկը բեկորային վնասվածքի պատճառով կորցրեց դաստակը: