Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, «ՀայաՔվեն» ԿԸՀ կհանձնի հավաքված ստորագրությունները։
«Միացեք մեզ, միասին հանձնենք մեր համատեղ որոշման արդյունքները, տեր կանգնենք ստորագրություններին։
Մինչ հանդիպում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, Գ. Քոչար 21ա», - հայտնում են նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն:
Նշենք, որ եթե 60 օրվա ընթացքում հավաքվում է 50 հազար ստորագրություն, ապա օրինագիծը պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ և դրվում քվեարկության:
Եթե Ազգային ժողովը մերժի նախագիծը, ապա պետք է ևս 300 հազար ստորագրություն հավաքվի, և նախագիծը կդրվի հանրաքվեի:
Հանրաքվեով բավարար ձայներ ստանալու դեպքում նախագիծը անմիջապես հրապարակվում ու դառնում է օրենք: Հետագայում այն կարող է փոխվել միայն հանրաքվեով:
«Հայաքվեի» ստորագրահավաքին միացել են 58 հազարից ավելի քաղաքացիներ և նախաձեռնողները ժամկետից շուտ դադարեցրել էին ստորագրահավաքի առաջին փուլը։



