«Հրաշալի կլիներ, որ Երեւանի պետական բժշկական համալսարանի 100 ամյակի միջոցառումների մեկնարկը չպղծվեր մի զեղումով, որը ի հայտ եկավ տեսաուղերձի տեսքով, եւ որի հեղինակը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նշել է Երեւանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին՝ հավելելով, որ առկա խնդիրները կապված են առողջապահության նախարարությունում եղած խնդիրների հետ ու ընթացակարգային կարգավիճակ ունեն.
«Ինձ համար առաջին հերթին հետաքրքիր էր, թե արդյոք պարզաբանում կստանա այն պնդումը նախարարի, որ ցիանիդն այնքան էլ վտանգավոր չի բնակչության համար: Ցավոք իր տեսաուղերձում դա չարծարծվեց, ինչն ինձ զարմացրեց, նաեւ օրինաչափ թվաց, որովհետեւ նախարարի ուշադրության կենտրոնում հարցերի այլ փունջ էր՝ կապված իր վերջին գործողությունների հետ:
Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե ի հայտ չգար իմ անձի թեման: Այստեղ կա երկու ասպեկտ. Առաջինը պայմանավորված է նրանով, որ ես նախագահում եմ բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը: Հերթական անգամ փորձ արվեց թերըմբռնում առաջացնել, արհեստական խեղաթյուրում մտցնել այդ հարցում: Սա հստակ ձեւակերպված տենդենց է, որը համարյա մեկ տարի է առկա է: Այն սկսվեց այն պահից, երբ հոգաբարձուների խորհուրդը մտավ նախընտրական շրջանի մեջ»:
Նա հիշեցրեց՝ հոգաբարձուների խորհրդում ընդգրկվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկով. «Երկրորդ փուլը պայմանավորված էր այն հանգամանքով, որ խորհուրդը պետք է ընտրի նախագահ: Այդ ժամանակ սկսվեցին սպեկուլյատիվ, անհեթեթ պնդումներ, կոչեր մամուլում, որոնք նշմարեցին որոշակի միտում: Այսինքն այդ բոլոր միջոցառումները միտված էին շեղելու հանրային ուշադրությունն այն հանգամանքից, որ Վահան Արծրունին հանդես է գալիս նախ որպես հանրային ներկայացուցիչ: Նաեւ փորձեցին շեղել այն հանգամանքից, որը պայմանավորված է իմ արյունակցական կապով բժշկապետ Վահան Արծրունու հետ:
Որերորդ անգամ արծարծելով այս խնդիրը եւ փորձը ներկայացնելու այլ երանգով, պարզապես վիրավորում է նախ կառավարության նախաձեռնությունը: Նախարարն իր տեսաուղերձում նշում է, որ խնդիր է դրվել վերափոխելու հոգաբարձուների խորհրդի կազմը, այսինքն՝ ես ընտվեցի վերափոխված խորհրդի կողմից, ընտրվեցի ազատ քվեարկությամբ: Հարցականի տակ դնել այդ հանգամանքը՝ նշանակում է անարգել պետության կողմից առաջարկվող մեխանիզմը, անարգել այն մասնագետներին, որոնք ընդգրկված են հանրային խորհրդի կազմում»,-ասաց նա:



