
2002 թվականից Ռուսաստանը արգելք է դնում ԱՄՆ-ից հավի մսի ներկրման վրա։ Տարեկան Ռուսաստան էր առաքվում 630 մլն դոլարի հավի միս։ ԱՄՆ ֆերմերների արտադրած հավի մսի 40 տոկոսը արտահանվում էր հենց Ռուսաստան։
2011 թվականին, երբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Վաշինգտոնում էր՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակցությունների օրակարգ էր մտցրել նաև ամերիկյան հավի մսի ներկրման արգելանքի հարցը։ Օմաբայի թիմի բացատրությունն այն էր, որ 500 հազար մարդ աշխատում է այդ ոլորտում և իրենք պետք ամեն բան անեն, որպեսզի իրենց արտադրողների համար ամենամեծ շուկա հանդիսացող Ռուսաստանի դռները ի վերջո բացվեն։
Այս պատմությունը հիշեցի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի Լարսի փակման մասին վերջին հայտարարությունների ֆոնին։ Հարությունյանը հայ արտադրողներին առաջարկել էր չնեղվել, եթե Լարսը փակվի և խորհուրդ էր տվել այլ շուկաներ փնտրել իրենց արտադրանքը վաճառելու համար։ Վերջում էլ հավելել էր, թե ոչ մի Լարս իրենց չի վախեցնի։
300 մլն բնակչություն ունեցող ԱՄՆ նախագահ Օբաման ռուսաստանցի իր գործընկերոջ հետ քննարկում է իր երկրի բնակչության 0,2 տոկոսի զբաղվածություն ապահովող թռչնամսի արտահանման հարցը, իսկ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան քամահրանքով է խոսում Լարսի անցակետի հնարավոր փակվելու մասին, այն դեպքում, երբ մեր երկրի բնակչության 37 տկոսը զբաղվում է գյուղատնտեսությամբ և այս ոլորտի արտադրանքի մեծ մասը արտահանվում է հենց Լարսով և Ռուսաստանի Դաշնություն։
Պատկերացնում եք՝ աշխարհի թիվ մեկ պետության ղեկավար Օբամային հետաքրքրում է իր 0,2 տոկոս բնակչության զբաղվածության հարցը ու նա այդ խնդիրը զուգահեռ միջուկային զենքի չտարածման խնդրի քննարկում է ՌԴ նախագահի հետ, իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի ղեկավարը մարդկանց խորհուրդ է տալիս այլ շուկաներ փնտրել։ Սա ամենաակնհայտ ցուցիչն է պետական գործչի և պետական պաշտոնում հայտնված թափառականի։ Սա աղետ է պետության համար։