Նյու Յորքի դատարանը չեղարկել է Թրամփին նշանակ...

Նյու Յորքի վերաքննիչ դատարանը չեղարկել է Դոնալդ Թրամփին 2024 թվականի փետրվարին խարդախության գործով նշանակված տուգանքը, հայտնում է Reuters-ը։

Միևնույն ժամանակ, դատարանը հաստատել է նախկին եզրակացությունները, որ Թրամփը մինչև 2016 թվականին իր առաջին ժամկետով ընտրվելը երկար ժամանակ ուռճացրել է իր անշարժ գույքի և այլ ակտիվների արժեքը՝ խաբեությամբ վարկատուներին և ապահովագրողներին ստիպելու իր Trump Organization ընկերությանը ավելի շահավետ պայմաններ տրամադրել, գրում է Associated Press-ը։

Թրամփը հերքել է մեղքը, նրա փաստաբանները պնդում էին, որ իր վարկատուներին և գործարար գործընկերներին ներկայացված Թրամփի կարողության մասին հաշվետվություններում ցանկացած սխալ էական նշանակություն չի ունեցել, քանի որ ոչ ոքի վնաս չի պատճառվել։

Առաջին ատյանի դատարանը Թրամփին պարտավորեցրել էր վճարել 355 միլիոն դոլարի տուգանք՝ գումարած տոկոսները, որոնք, ինչպես գրում է Reuters-ը, շարունակում էին հաշվարկվել։ Վճարման գումարը, ըստ ԶԼՄ-ների գնահատականի, կարող էր կազմել ավելի քան 515 միլիոն դոլար։

Չնայած դատարանը Թրամփին ազատել է հսկայական տուգանքից, նրան և նրա երկու ավագ որդիներին մի քանի տարով արգելել են կորպորացիաներում ղեկավար պաշտոններ զբաղեցնել, նշում է AP-ն։

Թրամփը դատարանի որոշումն անվանել է «լիակատար հաղթանակ»։ Նա սոցցանցերում հայտարարել է, որ դատարանը «քաջություն է դրսևորել»՝ մերժելով «անօրինական և խայտառակ որոշումը»։

2024 թվականի փետրվարին դատարանի որոշումից հետո Դոնալդ Թրամփը Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսին մեղադրել էր «վհուկների որսի» մեջ և հայտարարել, որ նա փորձում է խանգարել իրեն երկրորդ նախագահական ժամկետով ընտրվելուն։ Վերաքննիչ դատարանի դատավորները գտել են, որ Ջեյմսն իրավաչափորեն է փորձել Թրամփին պատասխանատվության ենթարկել, քանի որ «պաշտպանել է հանրային շահերը»։

Reuters-ը դատարանի որոշումը պարտություն է համարում Լետիցիա Ջեյմսի համար։ Գործակալությունը նշում է, որ այժմ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Ջեյմսի նկատմամբ հիփոթեքային հնարավոր խարդախության գործ է քննում։