Այսօր խորհրդարանոմ լրագրողների հետ ճեպազրույցում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձավ սահմանազատման հարցերին։ «Այո, մեր վիճակը ցավոտ է, բայց սա է մեր իրականությունը։ Մենք հայտնվել ենք այս իրականության մեջ։ Եվ այս իրականության մեջ կարևոր մասնաբաժին ունի խաղաղ ապրելը, զարգանալը, ոտքի կանգնելը։ Եվ դրա մեջ կարևոր դերակատարում ունի մեր սահմանների հստակեցումը, որպեսզի անընդհատ մենք սահմանային վեճ չունենանք, որպեսզի ինչ-որ մեկի մեքենային ինչ-որ մեկը ոտքով չհարվածի։ Դրա համար այդ երևույթից պետք չէ վախենալ, խուսափել։ Նույնիսկ եթե մեկ-երկու տեղով էլ կարող է ինչ-որ ցավոտ բան լինել, ավելի լավ է էդ ցավոտ խնդիրը ֆիքսել, նկատի ունենալ, որ սա է մեր սահմանները, քան անընդհատ, ամեն օր ինչ-որ միջադեպեր ունենալ ու դրանցով զբաղվել։ Դրա համար մեզ այդ գործընթացը պետք է, որպեսզի հստակեցնենք մեր սահմանները և զարգանանք այն սահմանների մեջ, որոնք փաստացի ունենք»,- ասաց նա։
Սանոսյանն անդրադարձավ հարցին, թե որ քարտեզներով են իրականացվելու սահմանազատման աշխատանքները։ «Տարբեր քննարկումներ կան, տարբեր քարտեզներ կան, բայց թե որ քարտեզները հիմք կընդունվեն, կարևոր է, թե այդ քարտեզներն ինչ իրավական կարգավիճակ կունենան։ Այսինքն՝ եթե այդ քարտեզները նույնիսկ սովետական տարիների են, պետք է իրավաբանորեն հստակեցված ու բոլոր կողմից ընդունված լինեն»,- ասաց նա։ Անդրադառնալով Պուտինի հիշատակած քարտեզներին, որոնք ՌԴ ԳՇ-ում են պահվում, նա ասաց․ «20-ականների քարտեզներում բավական փոփոխություններ կան, մեկը Ալ լճերի մասով փոփոխությունը հօգուտ մեզ է, որովհետև, ինչքան ես գիտեմ, մինչև 20-ականների վերջ Ալ լճերը բոլոր քարտեզներում նշված են որպես ՀՀ տարածք»։



