Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցն...

ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներն այսօր՝ սեպտեմբերի 6-ին կրկին բողոքի ակցիա են կազմակերպել. նրանք կարճ ժամանակով փակեցին Ազատության պողոտան։ Նշենք, որ տևական ժամանակ է գիտնականները բողոքում են իրենց շենքի հարևանությամբ ընթացող շինարարությունից։

Քիմիայի ինստիտուտի հարևանությամբ՝ հենց այն տարածքում, որտեղ նախկինում ինստիտուտին պատկանող ջրավազանն է եղել, ակտիվ շինարարություն է կատարվում՝ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է կառուցում։

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները բողոքում էին, որ ինստիտուտի տարածքում իրականացվող շինարարությունը խանգարում է իրենց աշխատանքին: Բացի այդ, նրանք նշում էին, որ տարածքը, որտեղ շինարարություն է իրականացվում, պատկանում էր ինստիտուտին, և տարիներ առաջ ապօրինաբար է օտարվել: 

Աշխատակիցները մի քանի անգամ բողոքի ակցիա էին իրականացրել, դիմել քաղաքապետարան, ԿԳՄՍ նախարարություն: Վերջիններս խոստացել էին սեղմ ժամկետներում պատասխանել, սակայն այդպես էլ աշխատակիցները պատասխան չէին ստացել:

Այս տարվա ապրիլին շինարարությունը դադարեցվել էր, սակայն օգոստոսին այն վերսկսվել է: