Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 17-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին, և առկա է քրեակատարողական հիմնարկի համար նոր շենք հատկացնելու/կառուցելու անհրաժեշտություն։ Թեև պետությունն այս առումով արդեն իսկ իրականացնում է քննարկումներ, սակայն Պաշտպանը շեշտումել է, որ խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով: Դա առանցքային է ինչպես ազատությունից զրկված անձանց մի շարք իրավունքների երաշխավորման, այնպես էլ քրեակատարողական ծառայողների համար պատշաճ աշխատանքային պայմաններ ապահովելու անհրաժեշտության տեսանկյունից։
Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ Արձանագրված խնդիրները պարբերաբար ներկայացվում են հրապարակային, ընդգրկվում ՄԻՊ զեկույցներում, քննարկվում իրավասու մարմինների հետ` պահանջելով շուտափույթ և ամբողջական լուծումներ:



