Նրանք, ովքեր Բաքվում մասնակցելու են «COP29» հ...

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում կայացած իր ելույթում ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով ենթահանձնաժողովի անդամ  Նատալի Լուազոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին և հայ-ադրբեջանական հարաբերություններին:

«Մեկ տարի առաջ այս օրն Ադրբեջանն իրականացրեց ռազմական հարձակում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և բռնի տեղահանեց առավել քան 100000 անձանց՝ այս կերպ պատմության մեջ թողնելով 21-րդ դարի առաջին էթնիկ զտման հետքը։

Եվ մեկ տարի անց ոչ ոք դեռևս հնարավորություն չունի վերադառնալու իր տուն։ Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել նախորդ հակամարտության գերիներին, և նրանք նույնպես հնարավորություն չունեն տուն վերադառնալու։ Լեռնային Ղարաբաղի հոգևոր և մշակութային ժառանգությունը սպառնալիքի առջև է կանգնած, և բազում հուշակոթողներ արդեն իսկ ոչնչացվել են», ասել է Լուազոն։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը չի ստորագրել խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ, իսկ մի քանի շաբաթից հյուրընկալելու է «COP29» համաժողովը: «Բոլոր նրանք, ովքեր այցելելու են Բաքու, իրենց բարոյական պարտքը պետք է համարեն կոչ անելու ապահովել հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ազատ արձակել պատանդներին:

Երկրագնդի համար մեր պայքարը չի կարող իրականացվել այդ մարդկանց հաշվին»,-եզրափակել է ԵԽ պատգամավորը: