«Նպատակը ո՞րն է, որ ես գնամ Եռաբլուր, իմ տղայ...

Այսօր ինձ համար շատ տխուր օր է, շատ տխուր։ Այս մասին Բարձրագույն դատական խորհրդում հայտարարեց Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը, որտեղ քննվում է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, որը ներկայացրել է արդարադատության նախարարությունը։

Նշենք, որ Նաիրա Հովսեփյանը Գեւորգ Արշակյանի մայրն է։

«Նրանով տխուր չի, որ ես ԲԴԽ–ում եմ, ցանկացած դատավորի նկատմամբ կարող է հարուցվել կարգապահական վարույթ և ուղարկվել բարձրագույն դատական խորհուրդ։ Բայց տխուր է ինձ այնքանով, որ ինձ մեղադրում են, որ ես դատական իշխանությունը հեղինակազրկում եմ, ոչ թե նրա համար, որ ես 29,5 տարվա դատավոր եմ, այլ որ ես Գևորգի մայրն եմ ու Գևորգը այստեղ է, տանջվում է Գևորգս։

Հետաքրքիր է, ի՞նչ պիտի անեի, էլ ո՞նց պիտի բարձր պահեի դատական իշխանության հեղինակությունը։ Ինձ ճանաչում են մարդիկ և ասում են՝ եթե դու ասում ես, որ Հայաստանը լավ վիճակում է լինելու, որ դատական իշխանությունը հաղթահարելու է դժվարությունները, մենք հավատում ենք քեզ։ Ես շատ մեծ պատասխանատվություն եմ զգում, ոչ միայն որպես 29,5 տարվա դատավորի, այլև որպես Գևորգի մոր։ Պաշտոնը անցողիկ է, բայց ես հավերժական պաշտոն ունեմ, ես Գևորգի մայրն եմ, և ամեն մի բառ, ինչ որ կապված է մեր երկրի հետ, ես շատ զգուշությամբ եմ արտասանում, ամեն մի քայլ, որ գցում եմ, ես հասկանում եմ, որ ես Գևորգի մայրն եմ, ուշադրության մեջ եմ, և ես շատ ուշադիր պիտի լինեմ, որպեսզի պակասեցնեմ թերացումները։ Անսխալական մարդ գոյություն չունի։ Ուրիշ բան է, որ մեկի թերացումները կարող են շատ ուժեղ բարձրաձայնել, մյուսի կոպիտ սխալների մասին լռել

ԲԴԽ–ն 2024–ի հունիսի 13-ին, 10 ձայնով միաձայն որոշում է կայացրել, որ 2020-ից մինչև 2024 թվականի հունիսի 13-ը, պատերազմից հետո իմ աշխատանքը կատարվել է թերացումներով, սա հաստատված փաստ է։ Ճիշտ է, ես այդ ընթացքում բազմաթիվ գործեր եմ լսել և ԱԺ–ի կողմից ընտրվել եմ Վճռաբեկ դատարանի դատավոր։ Այսինքն պետությունը գտել է, որ ես արժանի եմ գտնվելու Վճռաբեկ դատարանում, ոչ միայն գիտելիքներով, այլև իմ բարոյական կերպարով։ Ճիշտ է, դատավորը միակ պաշտոնն է, որ առանձին անձ է և իրականացնում է իշխանություն, բայց Գևորգի մայր լինելը, հերոսի մայր լինելը, դա սովորական ֆիզիկական անձ չի, դա ինստիտուտ է, դա հավաքական կերպար է, և եթե այսօր Գևորգի մորը մեղադրում են, որ ինքը դատական իշխանությունն է հեղինակազրկում, մեղադրանք է ինստիտուտին։

Այդ թերացումները որ ունեցել եմ, պայմանավորված է եղել մեղքի բացակայությամբ, ես չէի կարող այդ թերացումները չունենալ, և հավասարության նշան դնել, ասել, որ ԲԴԽ–ն նման նախադեպեր է ունեցել, մեղմ ասած, իրականությանը չհամապատասխանող փաստը։

Խորհուրդը արձանագրել է, ինչու՞ է բացակայել իմ մեղքը, և չի ասել մի գործով, չի ասել գործերի քանակը, չի ասել բնույթը, ասել է՝ կատարվել է թերացումներով։

Նույն ժամանակահատվածում է ակտը ուշ հրապարակվել և ակտը ուշ տրվել կողմերին։ Խորհուրդը դրա մասին արդեն բարձրաձայնել է, հաստատված է համարել: Ի սկզբանե վարույթը պիտի կարճվեր սահմանադրական դատական օրենսգրքի համապատասխան հոդվածի հիման վրա»,–հայտարարեց Նաիրա Հովսեփյանը։

«Արդարադատության նախարարությունը, շնորհակալության, խոնարհումի փոխարեն ինձ մեղադրել, նման մեղադրանք առաջադրել, փոխանակ ասելու՝ ինչ լավ է, որ տիկին Հովսեփյան, դուք հաղթահարել եք, դուք աշխատում եք, դուք պայքարում եք, որ մեր երկիրը ուժեղանա, ինձ մեղադրել այդ մեծ մեղքի մեջ, նպատակը ո՞րն է։ Որ ես գնամ Եռաբլուրում իմ տղայի կողքը պառկե՞մ, որ ես ընկնեմ դեպրեսիայի մեջ և չկարողանամ աշխատել։

Չգիտեմ, ես չեմ կասկածում խորհրդի անաչառությանը և խնդրում եմ, որ խորհուրդը վարույթը կարճի, որովհետև արդեն դրա մասին խորհուրդը կայացրել է որոշում և այս գործը նույնպես այդ ժամանակահատվածում է եղել»,– ասաց նա։

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն էլ արձագանքեց. «Յուրաքանչյուրս անձնապես ձեզ շնորհակալություն ենք հայտնել այդ ամեն ինչի համար, ինչի մասին, որ դուք խոսեցիք։ Այսպիսով, եզրափակիչ ելույթները նույնպես լսեցինք, խորհուրդը հեռանում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի հունիսի 2–ին»։

Նշենք, որ կարգապահական վարույթի հիմքը փաստաբան Գոռ Մարգարյանի դիմումն է, ըստ որի` դատավորը դատական որոշումը մեկուկես տարի անց է տրամադրել կողմերին։ Պարզվեց` փաստաբանը հրաժարվել է դիմումից, սակայն նախարարությունը չի կարճել վարույթը։ Նաիրա Հովսեփյանը պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մայրն է:

Նա նախորդ տարվա մայիսին թողել է ԲԴԽ անդամի պաշտոնը, 3 ամիս անց ընտրվել դատավորների էթիկայի հանձնաժողովի անդամ։ Նրա հետ կապված լուրջ դժգոհություններ կային: Բազմաթիվ դատավորների, նմանատիպ խախտումների համար, ԲԴԽ-ն զրկել է դատավորի պաշտոնից, օրինակ՝ դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցրել են՝ գործը ողջամիտ ժամկետում չքննելու պատճառաբանությամբ։

Նաիրա Հովսեփյանը Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհին է։