Նորին Սրբության ակնառու առաջնորդությունը դեպի...

Խորապես վշտացած եմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ. այս մասին X-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նորին Սրբության ակնառու առաջնորդությունը դեպի խաղաղ և արդար աշխարհ ունենալը չի կարող մոռացության մատնվել: Ցավակցում եմ աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի համար», - ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնել է Vatican News-ը:

Պոնիֆիկոսը մահկանացուն կնքել է Վատիկանի Կազա Սանտա Մարտա կեցավայրում: Տեղի ժամանակով 9:45-ին կարդինալ Քևին Ֆարելը հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին

«Սիրելի եղբայրներ և քույրեր, մեծ ցավով պետք է տեղեկացնեմ մեր Սրբազան Հոր՝ Ֆրանցիսկոսի մահվան մասին: Այսօր ժամը 07:35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձավ Հոր տուն: Նա ողջ կյանքը նվիրվեց Տիրոջ և նրա Եկեղեցու ծառայությանը», - ասվում է կարդինալ Ֆարելի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ կաթոլիկների հովվապետը փետրվարի 14-ին հոսպիտալացվել էր կրկնակի թոքաբորբի պատճառով և ավելի քան մեկ ամիս անցկացրել էր հիվանադանոցում: Դուրս գրվելուց հետո նրա առողջական վիճակը շարունակում էր բարդ լինել: