Վրաստանում 2016թ.-ից իշխանության եկած «Վրացական երազանք» կուսակցությունը 3 տարվա ընթացքում նշանակում է արդեն 3-րդ վարչապետին: Մամուկա Բախտաձեի փոխարեն վարչապետի պաշտոնում կուսակցությունն առաջադրել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի թեկնածությունը: Վերջինիս հրաժարականը, հիշեցնենք, հունիսյան ցույցերի հիմնական պահանջներից մեկն էր:
Politik.am-ը հարևան երկրում ընթացող զարգացումների և դրանց՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցության մասին զրուցել է վրացագետ Ալիկ Էրոյանցի հետ: Վերջինս հիշեցնում է՝ Վրաստանի արդեն նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ հայտարարեց, որ իրենք պետք է փորձեն մինչև 1 մլրդի հասցնել Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունը, սակայն տեսանք, որ հակառակը տեղի ունեցավ՝ անկում ապրեց, ինչը պայմանավորված էր Վրաստանում առկա ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակով:
«Վրաստանում ներքին-քաղաքական իրավիճակը լարված է ոչ միայն վերջին մի քանի ամիսներին: Վերջին ամսիների ցույցերը մասամբ պահպանվում են մինչ օրս, և Գախարիայի դեմ են, ով պետք է վարչապետ դառնա: Չնայած այդ բողոքներին՝ նա բավականին լայն զանգվածների համակրանքն է վայելում: Կարծում եմ՝ նա չի լինելու անցումային շրջանի վարչապետ, խորհրդարանական ընտրություններից հետո կշարունակի պաշտոնավարել: Կարծում եմ՝ նա ավելի արդյունավետ կգործի և ավելի շոշափելի արդյունքներ կգրանցի իր ղեկավարած կառավարությունը»,-ասաց Էրոյանցը:
Հայաստան-Վրաստան ներկա հարաբերությունների մասին խոսելով՝ փորձագետը նշեց.
«Ընդհանուր պատկերը ընդունված է անվանել (և այդպես էլ կա) բարիդրացիական, դինամիկ զարգացող: Իհարկե, իրականում, շատ ավելի մեծ հնարավորություններ կան, և կողմերը մշտապես իրենց պատրաստակամությունը հայտնում են, որպեսզի առկա հնարավորությունները իրականություն դարձնեն, այսինքն՝ դրանց հաղորդեն գործնական տեսք, թեև տարիներ շարունակ այդ մասին խոսվում է, սակայն կողմերը դրան հասնել չեն կարողանում»:



