Երեկ «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա մի տղայի: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Սանասարյանը որևէ բան չի ձեռնարկել: Մալյանը նաև տեղեկացնում էր, որ Դավիթ Սանասարյանը ամեն կերպ փորձել է կոծկել դեպքը։
Նարեկ Մալյանի գրառումից հետո Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքեց և այն անվանեց «շառ»․«Քարոզչամիջոցներից մեկի փոխանցմամբ ես երեխայի եմ վրաերթի ենթարկել, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ որ սուտ է, նման բան չի եղել երբևէ։
Լրագրողներին խնդրում եմ մեկնաբանություն չուզել։ Սա հերթական սուտն է՝ ավտոմեքենայի, տան, բիզնեսների, կոստյումի և մյուս բոլոր ստերի նման»։
Կարճ ժամանակ անց «Անալիտիկ» լրատվականը հրապարակեց տեսանյութ, որում երեխան և մայրը պատմում են դեպքի մանրամասնները։ Այս հրապարակումից հետո Դավիթ Սանասարյանը նոր գրառում կատարեց։ Այս անգամ նա չհերքեց, որ միջադեպ եղել է, սակայն վստահեցրեց, որ երեխան քարի վրայից է ընկել, իսկ կինը փորձում է գումար շորթել իրենից։
Դավիթ Սանասարյանի այս գրառումներից հասկանալի է դառնում, որ այնուամենայնիվ նա ինչ որ բան փորձել է թաքցնել։ Իրավաբանների գնահատմամբ այս պատմությունը պետք է քրեական գործի հիմք դառնա։ Ամենայն հավանականությամբ առաջիկայում իրավապահները քրեական գործ կհարուցեն և եթե հաստատվեն երեխայի մոր մեղադրանքները, ապա Սանասարյանը կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում։



