
Նախկինում ես կարդում էի հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության վերաբերյալ ներհայաստանյան մեկնաբանությունները և զարմանում, հիմա էլ կարդում եմ միջազգային մեկնաբանությունները և զարմանում: Ամեն այցից հետո մեկնաբանություններ են հնչում, որոնք կարիք ունեն պարզաբանման: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:
«Երևի բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը կարիք ունի պարզաբանման: Նոր միջուկային ռեակտոր կառուցելու մեր փնտրտուքների մասին ես միջազգային մամուլի արձագանքներից հասկացա, որ մեր դիրքորոշումը լավ պարզաբանված չի, կամ պարզապես այդ պարզաբանումը չի հասել հասցեատերերին:
Մենք կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր, մոդուլային: Մենք բազմակողմանի քննարկում ենք ունեցել, և այդ որոշումը կայացրել ենք: Հաջորդ հարցը՝ ում հետ ենք մենք կառուցելու, ում հետ ենք գործընկերություն անելու: Մենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր նման տեխնոլոգիա ունեն կամ կարող են ունենալ, բոլորին հարցրել ենք, ասել ենք՝ դուք կնեղսրտե՞ք, որ այս թեման քննարկենք մյուսների հետ, բոլորն ասել են՝ ոչ: Որովհետև երբ որ ես գնում եմ Մոսկվա, ասում են՝ վերջ, ուրեմն որոշվել է, որ Ռուսաստանի հետ է կառուցվում, ԱՄՆ-ի հետ հուշագիր ենք ստորագրում ու նոր գնում Մոսկվա, ասում են՝ ինչի գնացին Մոսկվա, գնում ենք Չինաստան, ասում են՝ բա չհասկացանք: Մենք ուզում ենք ստանալ առաջարկներ, և մենք այսօր նման խոսակցություն ունենք և՛ ԱՄՆ-ի հետ, և՛ Ռուսաստանի հետ, և՛ Չինաստանի, և՛ Հարավային Կորեայի հետ, և՛ Ֆրանսիայի հետ: Մենք ընդհանրապես քաղաքական կոմպոնենտ չենք դնում, մենք ասում ենք՝ կոմերցիոն և տնտեսական շահավետության առումով մենք պետք է նայենք՝ ո՛ր առաջարկն է մեզ ձեռնտու, և ընտրություն կատարենք ըստ այդմ:
Մենք այս թեմայով երկխոսություն ունենք հինգ գործընկերոջ հետ. հրապարակային ասում ենք, ընդ որում՝ այդ խոսակցությունը գործնական է, մեր փորձագետների խմբերն այցելում են կամ պետք է այցելեն տարբեր տեղեր՝ տեսնելու, ուսումնասիրելու, պարզելու: Բայց մյուս կողմից էլ՝ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում մենք պետք է որոշում կայացնենք և պայմանագիր կնքենք, բայց այդ որոշումը չի ունենալու աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական ենթատեքստ, որովհետև մենք ուզում ենք փոքր միջուկային ռեակտոր և դա ուզում ենք առավել լավ գնով, առավել անվտանգ տեխնոլոգիայով և նաև ներդրման հետգնման հնարավորինս կարճ ժամկետով»,- նշեց Փաշինյանը: