Տավուշում միաժամանակ երկու տագնապալի գործընթաց է ընթանում։ Նախ՝ տեղի է ունենում Հայաստանի տարածքային ամբողջականության կոպտագույն խախտում՝ երկրի Սահմանադրության կպիտ խախմամբ։ Երկրորդ, որը նույնքան անհանգստացնող է, տեղի է ունենում Հայաստանի առանց այն էլ փխրուն ժողովրդավարության լիակատար փլուզում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Սա փոխադարձ համաձայնությամբ սահմանազատման գործընթաց չէ։ Պատերազմի և ներխուժման սպառնալիքի ներքո Հայաստանը պարզապես ենթարկվում է ադրբեջանական պահանջներին։ Ենթարկվելու գործընթացը դեռ նոր է սկսվում, և դրա ավարտին Հայաստանը կանգած կլինի զգալի տարածքներ, ռազմավարական դիրքեր և տրանսպորտային ուղիներ կորցնելու վտանգի առաջ։ Այս պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ Հայաստանը մշտապես կենթարկվի Ադրբեջանին, երկիրը կկորցնի իր ռազմավարական արժեքը և հավանաբար կվերածվի տոտալ ավտորիտար ոստիկանապետության:
Համակերպվելով այս պահանջներին՝ Հայաստանը ոչ թե իրական բանակցությունների մեջ է մտնում, այլ ավելի շուտ կապիտուլյացիայի ենթարկվում հարկադրանքի ներքո։ Սա վտանգավոր նախադեպ է ստեղծում, երբ հարկադրանքը և ռազմական սպառնալիքները թելադրում են պայմաններ՝ խարխլելով ինքնիշխանության և ինքնորոշման սկզբունքները: Կարևոր տարածքների հնարավոր կորուստը ոչ միայն թուլացնում է Հայաստանի պաշտպանական կարողությունները, այլև նրա տնտեսական և նյութատեխնիկական կայունությունը՝ ավելի վտանգելով ազգային անվտանգությունը»,-գրում է նա։
Վարդան Օսկանյանը նաև նշում է, որ բացի դրանից՝ նման համաձայնագրի ներքին հետևանքները սարսափելի կլինեն։ Նվազեցված ինքնիշխանության և ներքին աճող անհամաձայնության պայմաններում Հայաստանը բախվում է ավտորիտար կառավարման շարունակական աճին, քանի որ պետությունը ժողովրդավարական գործընթացների փոխարեն առաջնահերթություն է տալիս իշխանությունը պահելուն, որպեսզի վերահսկի ներքին այլախոհությունն ու անկայունությունը:
«Քառասունչորսօրյա պատերազմի ավարտից ի վեր դեպի ավտորիտար ոստիկանական պետություն այս սողացող տեղաշարժն արդեն խարխլել է քաղաքացիական ազատությունները, խեղդել է քաղաքական ընդդիմությունը և իշխանությունը կենտրոնացրել մի քանիսի ձեռքում՝ երկիրը խոցելի դարձնելով հետագա շահագործման և արտաքին ազդեցության համար»,- գրել է Վարդան Օսկանյանը: