ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր տեղահանված արցախցիների իրավունքների մասին քննարկում: Քննարկմանը հրավիրվել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն հայտարարել է, որ քննարկելու են ղարաբաղյան երրորդ պատերազմի հետևանքները։ Նշենք, որ այս պատըերազմի հետեւանքով հայկական կողմը ոչ միայն զոհեր ու տարածքային կորուստներ ունեցավ, այլ նաև հարյուրավոր անտուն մնացած քաղաքացիներ եղան, որոնց խնդիրներն այս մեկ տարում ամբողջությամբ չեն լուծվել, լրջագույն խնդիրներ կան տեղահանված բնակիչների կեցության, իրավունքների հետ կապված:
«Այսօրվա թերևս մեր սակավամարդ քննարկումը վկայում է այն մասին, որ Արցախի Հանրապետություն տերմինը չօգտագործող քաղաքական իշխանությունը ոչ ադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում Արցախին առնչվող հարցերի քննարկումների ժամանակ: Ինչո՞ւ: Որովհետև մենք նկատում ենք, որ հնարավորինս փորձ է արվում Արցախ բառը քիչ օգտագործել Հայաստանի խորհրդարանում, էլ չասեմ Արցախի հետ կապված, Արցախին առնչվող խնդիրները:
Ստացվում է, որ պատերազմից 1 տարի անց ունենք հնարավորություն, տրամադրության գունագեղ և այլ միջոցառումներ կազմակերպելու համար, բայց Արցախին առնչվող հարցերի մասով, ըստ էության, մենք առնվազն կաղում ենք որպես Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Թագուհի Թովմասյանը: Պատգամավորն ընդգծեց, որ
այս քննարկումը նաև ի հեճուկս այդ վերաբերմունքի է, որպեսզի ցույց տան, որ ԱԺ-ում կան ուժեր, մարդիկ, ներկայացուցիչներ, որոնք շարունակում են Արցախը համարել արժեք, երկրորդ հայրենիք, Արցախի հայության, Արցախի հետ կապած ցանկացած խնդիր նաև հենց իրենց խնդիրն է:



