Նիկոլական «խաղաղությունը» թուրքական նախագծի շ...

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ երկու նախագծերի պայքար է լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայր Հայաստան» կուսակցության հիմնադիր Անդրանիկ Թևանյանը։

«Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է «խաղաղության» իր նախագիծը, որը Հայաստանի համար նախատեսում է դանդաղ կամ արագ մահ, այսինքն՝ Արցախի ճակատագրի կրկնություն:

Նիկոլական «խաղաղությունը» թուրքական նախագծի շրջանակներում է: Ըստ այդ նախագծի՝ Հայաստանը պետք է անվերջ զիջումների գնա՝ հանուն, այսպես կոչված, խաղաղության:

Թուրքական նախագիծը ենթադրում է՝

• ՀՀ սահմանադրության փոփոխություն, որով ամբողջությամբ վերացվում են 3-րդ հանրապետության հիմքերը,

• Հայոց ցեղասպանության թեմայի փակում,

• Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդում, հայկական ինքնության դեմ պայքար,

• Հայկական բանակի փաստացի վերացում,

• Հարյուր հազարավոր ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում,

• «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում թուրք-ադրբեջանական տանդեմին,

• Ատոմակայանի փակում,

• Առանց դաշնակիցներ Հայաստան,

• Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցում,

• Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության դադարեցում,

• Սահմանագծման ու սահմանազատման գործընթացի իրականացում Հայաստանից միակողմանի զիջումների տրամաբանությամբ,

• Հայաստանի վառելիքաէներգետիկ համակարգի կախվածություն Ադրբեջանից,

• Հայաստանի մասնակի ապաշրջափակման ռեժիմի պահպանում,

• Ռուսաստանի և Իրանի հետ կապերի թուլացում՝ հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունների հետագա կոնֆլիկտայնացման հեռանկարով,

• Արցախցիների վերադարձի իրավունքի թեմայի փակում,

• Հայաստանի տարածքների նկատմամբ ադրբեջանական նկրտումներ,

• Հայաստանի անվտանգության ապահովման ու հրադադարի պահպանման երաշխավորի դերում Ադրբեջանի դերակատարում. մեզ վրա չեն կրակելու զուտ Ադրբեջանի բարի կամքի դրսևորման դեպքում,

• Հայ-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիայի կողմից փաստացի միջնորդական առաքելության իրականացում,

• Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ռազմատուգանքի նշանակում:

Սա թուրքական նախագծի շրջանակներում թուրք-ադրբեջանական պահանջների, նախապայմանների և ծրագրերի ոչ ամբողջական ցանկն է:

Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունն ԱԺ ընտրություններում նշանակելու է այդ ամենի կյանքի կոչում, ինչը գործնականում բերելու է մեր պետականության կորստին: Կամ էլ՝ ինչ-որ պահի դառնալու է նոր պատերազմի պատճառ:

Հայկական նախագիծը ենթադրում է՝

• Իրական խաղաղության ու անվտանգության ապահովում՝ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական հաշվեկշռի լուրջ շեղումների վերացման և արդյունավետ պետական կառավարման համակարգի ներդրման միջոցով,

• Հայկական բանակի վերականգնում,

• Մեր Եկեղեցու և հայկական ինքնության պաշտպանություն,

• Սոցիալ-տնտեսական զարգացում՝ ներառականության սկզբունքով,

• Ազգային-պետական ու անվտանգային գլխավոր հարցերում հանրային լայն կոնսոլիդացիայի ապահովում, ներհասարակական թշնամանքի բացառում,

• Հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդ-երաշխավորի առկայություն՝ բացառելով Թուրքիային և կարևորելով Ռուսաստանի դերը,

• Պետականամետ դիվանագիտության իրականացում, որի շրջանակներում պետք է նոր բովանդակությամբ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններ հաստատել,

• Հայ-իրանական հարաբերությունների խորացում,

• Հայաստանի համար ապահովել իրական ապաշրջափակում ինչպես հյուսիս-հարավ, այնպես էլ արևելք-արևմուտք ուղղություններով,

• Հայաստանը դարձնել ոչ թե գերտերությունների շահերի բախման, այլ համադրման տարածք՝ ռուս-ամերիկյան ջանքերի ներդրման, Իրանի բնական շահերի հաշվի առնման, ինչպես նաև չինական, հնդկական տնտեսական հնարավորությունների ներգրավման միջոցով,

• Ապազգային և պատերազմաբեր գլոբալիզմի մերժում,

• Հայ-թուրքական հարաբերությունների հնարավորինս տարանջատում հայ-ադրբեջանականից,

• Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման համար առավելագույն ջանքերի գործադրում:

Հայկական նախագիծը ներքին ու արտաքին քաղաքական բազմաթիվ այլ հարցեր էլ է ներառում: Դրանց կյանքի կոչման նախապայմանը Հայաստանում նոր իշխանության ձևավորումն է: Դրա բոլոր նախադրյալները կան, հանրային մեծ պահանջարկը ևս առկա է: Մնացածն ընդդիմադիր դաշտի սուբյեկտներից է կախված:

«Մայր Հայաստանը» ներդնելու է բոլոր ջանքերը՝ օրվա իշխանության դեմ արդյունավետ պայքարի, իշխանափոխության և ազգային նոր իշխանության ձևավորման համար»,-գրել է նա: