Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ե...

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

Այսօր, երբ Հայաստանը և Եգիպտոսը վստահորեն հաղթահարում են իրենց առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները, առավել կարևոր է դառնում մեր երկրների միջև ավանդական եղբայրական հարաբերությունների հետագա զարգացումը։ Խորապես համոզված եմ, որ այդ հարաբերությունները մեծ ներուժ են պարունակում, իսկ համաշխարհային տնտեսության վերականգնումը և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում Հայաստանի և Եգիպտոսի բազմաոլորտ համագործակցության համար։

Մոտ ժամանակներում տեղի ունենալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը կնշանավորի հայ-եգիպտական փոխգործակցության ամրապնդման հերթական փուլը։ Մենք ողջունում ենք ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները և մեր նպաստն ենք բերելու դրանք հաջողությամբ ավարտին հասցնելու գործին։ Այս համաձայնագրի ստորագրումն ու կիրառումը նոր որակ կհաղորդի մեր երկրների համագործակցությանը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։