Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին զարգացումներին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու վերաբերյալ կոչին՝ նշելով, որ իշխանությունները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպես ճնշման գործադրում ընկալվել՝ նկատելով, որ վիճելի թվացող դատական վճիռները վիճարկելու համար կան հստակ իրավական գործընթացներ:
«Ամիսներ շարունակ, երբ մենք բարձրաձայնում էինք, որ գործադիր մարմինը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, միջամտում է դատական գործընթացներին, հանրության մեծամասնությունը դրան թերահավատորեն էր վերաբերվում: Դատարանները շրջափակելու՝ Փաշինյանի կոչը, ըստ էության, դատական դատական համակարգի գործունեությանը անմիջական միջամտություն էր: Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց մի գործընթաց, որը անմջականորեն ենթադրում էր, որ տեղի է ունենում սահմանադրական կարգի տապալում»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը:
Ըստ Պողոսյանի՝ կոչին հաջորդող քայլը ենթադրելի էր՝ ներհայաստանյան կառույցները, անհատները Գործադիր մարմնի ղեկավարին սթափության կոչեր արեցին, և ենթադրելի էր, որ միջազգային կառույցներից ևս կստանանք արձագանք, որովհետև, ըստ Պողոսյանի, Նիկոլ Փաշինյանը այս երկիրը տանում է ցնցումների:
Անդրադառնալով որոշ քաղաքագետների, հասարակական գործիչների դիտարկումներին, թե իշխանությունը այլևս չի կարող հակադարձել, թե քաղաքական ճնշում չկա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վրա, Աղվան Պողոսյանը նշեց.«Հակադարձելու որևէ բան չկա, որովհետև կար ադեկվատ մասսա, որ հենց Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունից հետո ահազանգում էր անձնական վրեժխնդրության մասին: Փաստերի հաջորդականությունը գալիս է ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացնում է քաղաքական հետապնդման փորձ»:
«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավարն ավելացրեց՝ Նիկոլ Փաշինյանը իրավիճակին չի տիրապետում և չունի այն իշխանությունը, ինչի մասին իրեն զեկուցում են.«Ես, լինելով նաև բժիշկ, կցանկանայի, որ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետամուտ լիներ Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակին, քանի որ դրա հետ կապված լուրջ կասկածներ կան»:



