«Քաղաքացու հետ զրույցի» ձևաչափով ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով իր հրաժարականի մասին շրջանառվող լուրերին՝ ասել է․
«Անընդհատ լուրեր են շրջանառում իմ հրաժարականի մասին, մինչդեռ հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա: Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել՝ շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները և պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ: Ուզում եմ կրկին ընդգծել, որ այսօրվա թիվ 1 խնդիրը Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացումն է, և մենք հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով:
Եվ վերադառնալով ներքին իրադրությանը՝ կրկին ուզում եմ ընդգծել, որ կան որոշ պրոցեսներ և գործընթացներ, որոնց նպատակն ակնհայտորեն ժողովրդին, մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընդհանուր առմամբ պրոցեսներից դուրս թողնելն է և փակ սենյակներում, բարձրաշխարհիկ միջավայրերում խնդիրներ լուծելը: Իհարկե, սա անընդունելի է, և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ իշխանության և իրադրության տերը Հայաստանի Հանրապետությունում: Եվ ես ուզում եմ ասել, որ ինձ համարում եմ նաև այդ իրողության երաշխավորը, և ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իր կամքը Հայաստանի Հանրապետությունում ունի վճռական և անշրջելի նշանակություն: Եվ ժողովրդի կամքը արտահայտվելու հնարավորություն պետք է ստեղծվի, և ժողովրդի կամքը շրջանցելու բոլոր փորձերը, իհարկե, չեն կարող ունենալ որևէ հաջողություն»:



