Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի Հանրապետութ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ
Արայիկ Հարությունյանի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Մենք գործնականում
44-օրյա պատերազմի ավարտից հետո ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ Արցախում բնականոն կյանքը
վերականգնելու ուղղությամբ, և կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում լայնածավալ ծրագրեր ենք իրականացրել
իրար հետ: Արդեն համատեղ մի քանի տասնյակ միլիարդ դրամի ծրագրեր ենք իրականացրել, և շատ կարևոր է նաև
այն որոշումը, որ մենք կայացրեցինք՝ կապված «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում
110 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագիր իրականացնելու հետ:
Ըստ էության, երեք տարվա ընթացքում կյանքի կոչելու պարագայում կստացվի, որ այս ծրագիրը մինչև այժմ
Արցախում իրականացված բոլոր ծրագրերի հետ համադրելի, համեմատելի ծրագիր է, եթե ոչ մի փոքր էլ ավելի:
Նաև լավ առիթ է, որպեսզի Ձեզ հետ կիսվեմ Մոսկվա կատարած այցի արդյունքներով և տպավորություններով:
Բնականաբար, Արցախի հարցը և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը Ռուսաստանի նախագահի հետ մեր
քննարկումների կարևորագույն կետերից մեկն է եղել, և շատ կարևոր եմ համարում, որ քննարկումների
բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ:
Նախագահ Արայիկ Հարությունյան – Շնորհակալություն պարոն վարչապետ: Մեծարգո վարչապետ, ուզում եմ ֆիքսել,
կրկնել, հիշել, որ այո, մենք ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ հետպատերազմյան ժամանակահատվածում, այս
ծանր սոցիալական իրավիճակում, ամենօրյա ռեժիմով ենք աշխատել: Մեզ հաջողվել է ոչ միայն լուծել առաջին
կարևոր սոցիալական ծրագրերը, այլ նաև հստակ մշակել մեր անելիքները՝ ուղղված ապագային:
Այդ առումով նշեմ, որ բավարարված եմ նրանով, ինչ մենք միասին քննարկել ենք, որն արդեն փաստաթղթավորվում և
զուգահեռ կյանքի է կոչվում: Նաև ուզում եմ կարևորել մեր հետագա անելիքները՝ անվտանգային և քաղաքական
դաշտում, մանավանդ, Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված, որտեղ մեր անելիքները պետք է լինեն ոչ միայն
համաձայնեցված, այլ նույն ճանապարհով: