
Կառավարությունը հայ ժողովրդի Կառավարությունը չէ և դրա համար հայ ժողովրդին վերջին պահին ընդամենը տեղեկացնում են: Այս Կառավարությունը այն շրջանակների Կառավարությունն է, այն տերերի, այսպես ասած, կամակատար Կառավարություն է, որը նաև այս ամենի մեջ ունի հսկայական շահ և հայ ժողովուրդը զրկվել է սեփական պետությունից: Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գոյությունը որպես իշխանություն դրա ամենամեծ ապացույցն է, խարան է մեր բոլորի ճակատին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու է հայ հասարակությունը Սպիտակ տանը կայանալիք Նիկոլ Փաշինյան-Դոնալդ Թրամփ-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպման մասին ամենավերջինը տեղեկանում:
Աշոտյանը նշել է, որ որևէ պաշտոն չունի և չի էլ հավակնում ունենալու, հետևաբար ժողովրդի մեջ նաև ինքն է մտնում, նաև իր մեղքի բաժինն է համարում այն, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս վարչապետի աթոռին է:
«Դա նաև իմ մեղքի բաժինն է, որ Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը դեռևս շարունակում է ներկայացնել մի ժողովուրդ, որին հաշվետու չէ, որին կարող է արհամարհել, որի անունից վաճառում է հենց այդ ժողովրդի արժանապատվությունը, հողերը, ունեցվածքը, կյանքերը», - ասել է նա:
Արմեն Աշոտյանը, խոսելով եռակողմ հանդիպման մասին իր ակնկալիքների մասին, նշել է, որ որևէ լավ սպասում չունի և չի կարող ունենալ:
«Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ հանդիպում է Ձմեռ պապուն՝ մեր համար դա որևէ լավ բան չի խոստանալու, դա կապ չունի ինքը ում է հանդիպում է: Անգամ եթե իր պատկերն է տեսնում հայլու մեջ և Նիկոլը հանդիպում է Նիկոլին, դա արդեն վատ բան է: Մարդ, որ ներկայացնում է մեզ աշխարհում, մեզ դարձրել է աշխարհի մակարդակում ամենաանթասիբ, անպատիվ, ամենավարկաբեկված ազգը: Նման ազգ չկա այս պահի դրությամբ գլոբուսի վրա, նման ժողովուրդ այլևս չկա, որն ուղիղ եթերում խայտառակ է լինում», - հավելել է Աշոտյանը: