Նիկոլ Փաշինյանը Բունդեսթագի պատգամավորների հե...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 21–ին,  ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի անդամներին՝ խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների գլխավորությամբ:

Ինչպես տեղեկանում են Կառավարությունից, վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Գերմանիայի հետ գործընկերությունը, եւ իր՝ ս.թ. մարտի 2-3-ը ԳԴՀ այցից կարճ ժամանակ անց Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան վկայում է, որ երկու երկրների փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են: Անդրադառնալով ԳԴՀ իր կատարած այցին՝ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել այն եւ նշել, որ Բեռլինից վերադարձել է ջերմ տպավորություններով:

Թաբեա Ռյոսների խոսքով՝ Բունդեսթագի պատգամավորների այցը ՀՀ արդյունավետ երկխոսության շարունակականության դրսեւորում է, որի շրջանակում իրենք արդեն իսկ հանդիպումներ են ունեցել խորհրդարանական գործընկերների, կառավարության ներկայացուցիչների հետ:

Զրուցակիցները կարեւորել են միջխորհրդարանական կապերի դերը ՀՀ-ԳԴՀ համագործակցության զարգացման առումով եւ քննարկել երկկողմ օրակարգի հարցեր:

Վարչապետն անդրադարձել է մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, արձանագրվող տնտեսական բարձր ցուցանիշներին եւ կարեւորել Եվրոպական միության, Գերմանիայի օժանդակությունը ՀՀ ժողովրդավարական օրակարգին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, անկախ դատական համակարգի կայացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, թափանցիկության ապահովումը Կառավարության առօրյա աշխատանքի օրակարգում գտնվող առաջնահերթություններ են, եւ մեր երկիրն առաջ է շարժվում բարձր նշաձող ապահովելու ուղիով: Թաբեա Ռյոսներն էլ հավելել է, որ Գերմանիան կուղեկցի Հայաստանին այդ ճանապարհին: Արծարծվել են կանանց ներգրավվածության խթանմանը, վերականգնվող էներգետիկայի, շրջակա միջավայրի ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր եւս:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, անվտանգային մարտահրավերների, խաղաղության օրակարգի շուրջ: Այս համատեքստում վարչապետը կարեւորել է ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը:

Անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամին: Խնդրի կարգավորման առումով կարեւորվել է միջազգային հանրության հետեւողական հասցեական արձագանքը, Արդարադատության միջազգային դատարանի՝ ս.թ. փետրվարի 22-ին հրապարակված որոշման կատարումը Ադրբեջանի կողմից: