Հայաստանում հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ամենայն վստահությամբ վերարտադրվեց գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ու չնայած ընդդիմությունը դժգոհ է եւ շարունակում է մնալ համոզված, որ գործող իշխանությունները պետք է հեռացվեն, սակայն արձանագրենք, որ նույն ընդդիմությունը ըստ էության, որեւէ բան չարեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իշխանությունից հեռանա։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած ընդդիմությունն արել է ամեն բան, որպեսզի Փաշինյանի հեռացումը լինի խիստ սահմանադրական ճանապարհով։
Ամիսներ շարունակ փողոցային պայքարին նայվեց մատների արանքով, հրապարակ չհանվեց բավարար թվով կրիտիկական մարդկային բազմություն եւ արդյունքում փողոցային պայքարը տապալվեց։ Նրանք, ովքեր քննադատում էին ընդդիմությանը այդ օրերին ունեցած «կուսական ամոթխածությանն» հարիր վարքագծի համար, արժանացան ընդդիմադիրների քննադատությանը, թե գործից բան չեն հասկանում։ Իսկ երբ ԶՈՒ ԳՇ նախկին պետն ու բարձրաստիճան զինվորականները հանդես եկան հայտարարությամբ, ընդդիմադիրները շտապեցին հայտարարել, թե կողմ չեն զինված հեղաշրջմանը։
Այս ամենը դեռ ոչինչ, սակայն տարօրինակ էր այն, որ երբ Փաշինյանը ներքին եւ արտաքսին դաշտերում երեւի ունենալով երաշխիքներ որ կրկին իշխանությունը կպահի, հայտարարեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, իշխանությունները դա վերագրեցին իրենց, որպես հաջողություն եւ չափազանց հեշտ հաշտվեցին այն բանի հետ, որ Փաշինյանը ճիշտ է ֆորմալ առումով հրաժարական է տալիս, բայց պահպանում է ռեալ իշխանությունը իր բոլոր հետեւանքներով եւ ածանցյալներով հանդերձ։ Ու շատ զարմանալիորեն ընդդիմությունը համաձայնեց Փաշինյանի կազմակերպելիք արտահերթին մասնակցել։ Ըստ էության, համաձայնեց այն խաղի կանոններին, որը թելադրում էր Փաշինյանը։ Ու հիմա շատ զարմանալի է ընդդիմության դժգոհությունը։ Դժգոհելու տեղ ընդդիմությունը չունի։
Փաշինյանին իշխանությունից հեռացնելու իր պահը արդեն բաց է թողել։ Ու հիմա փաստն այն է, որ Փաշինյանը հաղթել է․ կապ չունի արդար կամ անարդար․ դիտորդները ստորագրել են արձանագրությունները․ սա է կարեւորը, եւ միջազգային խաղացողները սկսել են տարբեր մակարդակներում շնորհավորել, այսինքն՝ լեգիտիմացնել։ Սա նշանակում է այս փուլում խաղի ավարտ։ Ու այժմ ժամանակն է, որ ընդդիմությունը հանգիստ թողնի եւ Նիկոլ Փաշինյանին եւ կազմվելիք կառավարությանը, գոնե այնքան ժամանակ, մինչեւ երկիրը դուրս գա այս հուզական վիճակից, իսկ այդ ընթացքում էլ թող վերլուծի իր սխալները ու հասկանա, որ պետք է գոնե մեկ անգամ լինել անկեղծ՝ ժողովրդի հետ խոսելիս։ Իհարկե, սա այն դեպքում, երբ ֆուտբոլային լեզվով ասած՝ «պասերով ֆուտբոլ չեն խաղում»։



